«Դե հիմա գնացեք լիբերալիզմի ճահիճ». Լևոն Շիրինյան
Նրա խոսքով՝ նոր իշխանության համար խնդիրը բարդանում է այն առումով, որ թիրախը՝ ՀՀԿ-ն-ն, որը մոբիլիզացրեց հասարակությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ, այլևս չկա. «Չկա թիրախ, ոսպնյակը ցրվում է»,-ասում է Շիրինյանը,- եվ հիմա արդեն հասարակությունը հարցեր է դնելու իշխանության առաջ՝ ի՞նչ ենք անելու կրթության հետ, ի՞նչ ենք անելու արդյունաբերության հետ, վերջիվերջո, էս երկիրը սեփական ռելսերով պիտի ապրի՞, թե՞ պիտի սպասենք «Ջոնին», որը գալու է, ներդրումներ է բերելու, որ երկիրը փրկի: Լավ, ենթադրենք կապիտալ ներդրումներ չկան, ի՞նչ է լինելու…»:
Քաղաքագետը կարծում է, որ եթե իշխող խումբը չլինի շրջահայաց և տեսություն իմացող, ապա այդ պարագայում կօգտվի իր բացարձակ իշխանությունից և կսկսի օրենքներ «թխել»:
«ՔՊ-ն ու «Լուսավոր Հայաստանը» նույն գաղափարակիցներն են, նույն պլատֆորմի վրա ձևավորված ձևավորված 2 խմբեր: Հիմա ուզի-չուզի ԲՀԿ-ն իր վրա պետք է վերցնի ընդդիմության դերը: Բայց էդ ընդդիմությունը ինչքանո՞վ կլինի ընդդիմություն: ԲՀԿ-ն կոմպրոմիսների վարպետ է, այսինքն մենք կունենանք կոմպրոմիսային ընդդիմություն»,-ասում է նա:
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խորհրդարան չանցնելը Լևոն Շիրինյանը դրական է գնահատում: Ասում է՝ պատժվեցին իրենց գործունեության համար: Իբրև իրական այլընտրանք և զսպող ուժ իշխանությանը Շիրինյանը տեսնում էր միայն իրենց՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը. «Արարչագործական Հայաստան, սա է մեր ասելիքը: Ես մեր ժողովրդին փոխանցելու եմ Հարավային Կորեայի տնտեսական-քաղաքական թռիչքի պատմությունը, որի հիմքը կոնֆուցիականությունն է: Ես առաջարկում էի նույն մոդելը Հայաստանում, մերժեցիք: Դե հիմա գնացեք լիբերալիզմի ճահիճ: Իսկ հախուռն լիբերալիզմը մենք պետք է չափավորեինք»:
Լևոն Շիրինյանը վստահ է, որ այսօր իրեն չեն հասկանում, բայց կես տարուց ժողովուրդը շատ լավ կհասկանա, թե ինքն ինչ է ասում:
Քաղաքագետը հավելում է՝ ինչ էլ լինի, ով էլ գա իշխանության, Հայաստանն ապագա չի ունենա, եթե չդառնա արդյունաբերական երկիր՝ գիտության հիմքի վրա: