Հայերեն   English   Русский  

Հուսով եմ, որ նոր ԱԺ-ն ու կառավարությունը կնպաստեն ՀՀ-ի զարգացմանն ու զորացմանը. Բ. Սահակյանը շնորհավորել է Ն. Փաշինյանին


  
դիտումներ: 553

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն ըստ ամենայնի կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու զորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության պահպանմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:

Մեր պետականության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը, պաշտպանունակության և անվտանգության համակարգի հետագա ամրապնդումը, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն հիմնական ուղենիշներն են, որոնք պետք է լինեն երկու հայկական հանրապետությունների և դրանց քաղաքական ղեկավարության գործունեության հիմքում:

Մաղթում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քույրերին ու եղբայրներին խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: