Հայերեն   English   Русский  

«Դեղին ժիլետների» շարժումն ու ուսանողական հեղափոխությունը Ֆրանսիայում․ զուգահեռներ


  
դիտումներ: 862

«Դեղին ժիլետների» շարժումը, որ ծավալվեց Ֆրասիայում սոցիալական հողի վրա, քաղաքական երանգներ է ստացել․ հավանականություն կա, որ անգամ դեղին ժիլետները կմասնակցեն մոտ վեց ամիս անց սպասվող եվրախորհրդարանի ընտրություններին՝ արձանագրելով հաջողություններ։ Ցուցարարները նաև պահանջում են իրականացնել սահմանադրական փոփոխություններ, Ֆրանսիան դուրս բերել ԵՄ-ից, վերադառնալ ազգային արժույթին, ստեղծել նոր աշխատատեղեր և անգամ հանել ճանապարհային երթևեկությունը վերահսկող տեսախցիկները։

Շարժումը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։ Եվրոպական երկրներում մեկը մյուսի հետևից առաջանում են տեղական դեղին ժիլետների շարժումներ․ Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Մոնտենեգրո, Լեհաստան։ Անգամ արաբական երկրներում են մտահոգված հնարավոր բողոքի ալիքի առաջացումից․ Եգիպտոսում, օրինակ, արգելվել է դեղին ժիլետների զանգվածային վաճառքը։

Ամեն տեղ պահանջները տարբեր են, սակայն միավորող մեկ ընդհանուր հանգամանք կա․ սոցիալական խնդիրները, մարդիկ դժգոհում են կյանքի թանկացման և եկամուտների նույն մակարդակին մնալու դեմ։

Իհարկե, երկրնրից յուրաքանչյուրում շարժումների ընթացքն ու հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է նաև այդ երկրում ձևավորված քաղաքական մշակույթով։ Օրինակ՝ Ֆրանսիայում ցուցարարները սովորաբար առավել վճռական են լինում՝ հակված չլինելով շուտ զիջումների դիմել։ Մինչդեռ Բելգիայում նախընտրում են կոմպրոմիսի գնալ, բանակցել։ Գերմանիայում չափազանց սերտ է կապը քաղաքացիների, ակտիվիստների և կուսակցությունների ներկայացուցիչների միջև երկրամասերի մակարդակում, ուստի այստեղ կարողանում են դժգոհություններին շուտ արձագանքել՝ թույլ չտալով, որ շարժումը մեծածավալ դառնա։

Դժգոհության պատճառները

«Դեղին ժիլետների» դժգոհության պատճառը բենզինի և դիզելային վառելիքի գների բարձրացումն է։ Ակնկալվում էր, որ վառելանյութի թանկացման պատճառով քաղաքացիները քիչ ավտոմեքենա կօգտագործեն, ինչն էլ կբերի վնասական արտանետումների նվազեցմանը։ Ըստ հաշվարկների, սակայն, նման թանկացումը միջին խավի ներկայացուցիչ որոշակի հատվածների աղքատության շեմին կհասցնի, իսկ աղքատ բնակչությունն էլ ավելի կաղքատանա։ Դեղին ժիլետավորների բողոքին միացել են նաև կրթական համայնքի ներկայացուցիչները։ Պատճառը կրթական բարեփոխումներ են, որոնց համաձայն դժվարեցվելու է բուհերի ընդունելությունը, իսկ օտարերկրացիների համար մատուցվող կրթությունը բազմապատիկ թանկանալու է։ Այս քայլն էլ պատճառաբանվում է նրանով, որ պահանջվածից շատ ավելի շատ երիտասարդներ են բարձրագույն կրթություն ստանում՝ ավարտելուց հետո չկարողանալով աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։

Թեև մի քիչ ուշացած, սակայն նախագահ Մակրոնը զիջումների գնաց․ խոստացավ 2019-ից 100 եվրոյով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, չհարկել արտաժամյա աշխատանքը և ժամանակավորապես կասեցնել բենզինի գների բարձրացումը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Մակրոնը նման զիջումների գնալիս հաշվի չի առել ֆինանսական կողմը․ խոստումների իրագործումը Ֆրանսիային տարեկան կարժենա 10 մլրդ եվրո՝ ճեղքվածք առաջացնելով բյուջեում։ Ստեղծված իրավիճակը կհակասի նաև ԵՄ օրենսդրությանը։ Մակրոնը, սակայն, հավանաբար նախընտրել է այդ մասին հետո մտածել՝ կարևորելով նախ և առաջ կանխել գնալով ավելի մեծ ծավալներ ընդունող բողոքի ակցիաները։

Դեղին ժիլետավորները, սակայն, ըստ սոցիոլոգիական հարցումների, չեն հավատում Մակրոնի խոստումներին։ Ավելին, նրանք խոստացել են շարունակել իրենց պայքարը․ առաջիկա ակցիայի օր է նշանակված շաբաթ օրը։ Իսկ կրթական ոլորտի ներկայացուցիչների ցույցերը շարունակվում են․ նրանք բարկացած են, որ Մակրոնն ընդհանրապես անտեսել է իրենց պահանջները։

Վերլուծաբաններն արդեն իսկ քննարկում են՝ դեղին ժիլետների շարժումն արդյոք կբերի իշխանափոխության, ինչպես դա տեղի ունեցավ 1968-ին։ Նման խոսակցությունների տեղիք է տվել հատկապես հանգամանքը, որ շարժմանը միացել են երիտասարդները և մի շարք քաղաքական ուժեր։ 1968-ի ուսանողական հեղափոխության հաջողության գրավականներից մեկն էլ դա էր․ այն միավորել էր հասարակության բոլոր շերտերին։

Զուգահեռներ անցյալի հետ

ուսանողական հեղափոխություն Ֆրանսիայում

1968-ի ուսանողական հեղափոխությունը սկսվեց աննշան մի բանից։ Սորբոնի և Փարիզի մի շարք համալսարաններում ուսանողներին արգելեցին երեկոյան ժամերին հանրակացարան գալ՝ ընկերուհիներին և համակուրսեցիներին տեսակցելու համար։ Ուսանողները փողոց դուրս եկան «Արգելվում է արգելել» կարգախոսներով։ Ուսանողներին աջակցեցին երիտասարդական մի շարք խմբավորումներ։ Իշխանությունների համար անակնկալ դարձավ այն, որ ուսանողների բողոքի ակցիաներին միացան փարիզյան աշխատավորները և արհմիությունները։ Իսկ պահանջները շուտով ընդլայնվեցին՝ ընդգրկելով նաև սոցիալական ոլորտը․ այն տարիներին Ֆրանսիայի տնտեսությունը թեև արագորեն աճ էր գրանցում, սակայն տնտեսական աճը զգալի չէր շարքային քաղաքացուն։

Բողոքի զանգվածային ակցիաներն ավարտվեցին գործող կառավարության և նախագահ Շարլ դը Գոլի հրաժարականով։ Իսկ նոր կառավարությունը ստիպված եղավ զգալի զիջումների գնալ․ սահմանվեց շաբաթական 40-ժամյա աշխատանքային գրաֆիկ, բարձրացվեց նվազագույն աշխատավարձը։ Իսկ արհմիությունները և ձախակողմյան կուսակցությունները լուրջ քաղաքական գործոն դարձան։

«Դեղին ժիլետների» շարժումը, սակայն, որքան էլ ընդհանրություններ ունի նախորդ շարժումների հետ, նույնքան էլ նոր է։ Եվ շարժման տարբերող գծերը նորույթ են ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ողջ Եվրոպայի համար։ Շարժման հետևում կանգնած չէ որևէ քաղաքական կուսակցություն, շարժումը չունի անգամ ակնհայտ առաջնորդ, չունի նաև գաղափարախոսություն։ Շարժման մասնակիցներին միավորողը ընդհանուր պահանջն է՝ չբարձրացնել բենզինի և դիզելային վառելիքի գները։ Մոբիլիզացիան իրականացվել է ոչ թե կուսակցական ուղիներով, այլ սոցցանցերում։

Եվ երբ իշխանությունները պատրաստ էին բանակցել բողոքավորների հետ, պարզվեց, որ մարդ չկա, որի հետ կարող են բանակցել։ Հզոր գործոն դարձած ուժը արագընթաց զարգացումներում դեռ չէր հասցրել ինքնակազմակերպվել և առաջնորդ կամ գաղափարախոսություն ունենալ։

ուսանողական հեղափոխություն Ֆրանսիայում

Հետաքրքրական է, որ երկակի վիճակում են հայտնվել Ֆրանսիայում գործող ավանդական քաղաքական կուսակցությունները։ Տարված լինելով իրենց ներքաղաքական խնդիրներով՝ նրանց աչքից վրիպել է նոր հասարակական ուժի առաջացումը։ Եվ այս իրավիճակը, ըստ որոշ մասնագետների, հիշեցնում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցածը, ինչի արդյունքում, հակառակ բոլոր կանխատեսումներին, իշխանության եկավ Թրամփը։

Եվ այս համեմատականների համատեքստում գլխավոր հարցն է՝ կկարողանա՞ արդյոք Մակրոնը մնալ իշխանության, թե՞ դը Գոլի նման ստիպված կլինի հրաժարական տալ։ Կողմ և դեմ կարծիքները շատ են։ Վերլուծաբանները, սակայն, համակարծիք են մի հարցում․ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ նժարին կդրվեն երկրում հանրապետական և դեմոկրատական արժեքները, ապա բոլոր կողմերից զիջումների կգնան․ սրանք գերագույն արժեքներ են յուրաքանչյուր ֆրանսիացու համար։

Օտար հետք կա՞, թե՞ ոչ

Ֆրանսիայի իշխանություններն ինչ-որ պահի կասկած հայտնեցին, որ դեղին ժիլետավորների ակցիայի հետևում ռուսական հետք կա։

Տեսակետ կար նաև, որ ցույցերի հետևում կարող է ԱՄՆ-ն կանգնած լինել։ Իսկ պատճառաբանությունը հետևյալն էր․ Մակրոնը վերջերս հայտարարել է համաեվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին, խիստ քննադատել է Թրամփի՝ հակաիրանական քաղաքականությունը, ինչպես նաև Եվրոպայի ուժեղ առաջնորդ դառնալու հավակնություններ ունի։

Դրան զուգահեռ, ԶԼՄ հրապարակումների համաձայն, բողոքավորների համացանցային ակտիվությունն ուսումնասիրող ֆրանսիացի մասնագետները նշում են, որ շարժումը կոնկրետ մի տեղից չի ուղղորդվում․ տարբեր երկրների ծայրահեղականներն իրենց աջակցությունն են հայտնում ֆրանսիացի ցուցարարներին՝ առանց մեկ ընդհանուր կենտրոնից համակարգման։

Այնուհանդերձ, մասնագետները նաև հիշեցնում են՝ դժգոհությունները զուտ ներքին խնդիրներով են պայմանավորված և կուտակվել են տարիներ շարունակ։ «Հարկերի տոկոսները Ֆրանսիայում ռեկորդային են։ Բողոքի ցույցերը սկսկվել են դեռևս Օլանդի ժամանակ։ Այժմ դրանք պարզապես կրիտիկական կետին են հասել։ Փողոց է դուրս եկել միջին խավը, որը երբեք պետությունից ոչինչ չի խնդրել և նպաստների հաշվին չի ապրել»,- մենկաբանում է ռուս-ֆրանսիական «Օբսերվո» վերլուծական կենտրոնի ղեկավար Առնո Դյուբենը։

Իսկ ՌԴ անվտանգության խորհրդի գիտխորհրդի անդամ Անդրեյ Մանոյլոն, մեկնաբանելով Ֆրանսիայում և Եվրոպական այլ երկրներում տեղի ունեցողը, նշում է, որ միջինվիճակագրական եվրոպացին պարզապես հոգնել է ներկայիս քաղաքական վարչակարգերից, որոնք աստիճանաբար փորձում են հրաժարվել պետության սոցիալական բաղադրիչից։ Եվ, նրա կարծիքով, բողոքի ակցիաները տարբեր դրսևորումներով կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունների և քաղաքացիների միջև կա այդ հակասությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: