Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն պայքարում է Ռուսաստանի դեմ Բալկաններում ազդեցության ոլորտների համար. Bloomberg


  
դիտումներ: 386

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Բալկաններում առավել առանձնացված պետությունը` Բոսնիա և Հերցեգովինան, կարող է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ազդեցության համար մեկ այլ պայքարի կենտրոն դառնալ: Գրում է Gazeta.ru-ն:

Հյուսիսատլանտյան դաշինքին Չեռնոգորիայի անդամակցելուց հետո, ՆԱՏՕ-ն այժմ ուշադրություն է դարձրել Բոսնիա և Հերցեգովինայի վրա, որի տարածքում ռազմական դաշինքն իր առաջին ռազմական գործողությունն իրականացրել է 1995 թ, հաղորդում է գործակալությունը:

ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը օգնել է դադարեցնել բոսնիացի մահմեդականների, սերբերի և խորվաթների միջև ռազմական բախումները, սակայն առնվազն 100 հազար մարդ սպանվել է Յուգոսլավիայի փլուզման ճակատամարտում: Իսկ ամբողջ երկրում էթնիկ լարվածության վտանգը մնացել է բարձր մակարդակի վրա:

Բացի այդ, լարվածությունը ավելացել է անցյալ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները վերսկսեցին մի ծրագիր, որը տասնամյակի ընթացքում անգործուն էր: Այն վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլանին:

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, չնայած այն հանգամանքին, որ շատ բոսնիացի մահմեդականներ և խորվաթներ ողջունում են ռազմական դաշինքի հետ սերտ կապերը, սերբերի մեծամասնությունը և նրանց առաջնորդ Միլորադ Դոդիկը, գլխավորապես դեմ է արտահայտվում: Իսկ բոսնիացի մահմեդականների ներկայացուցիչ Շաֆիկ Ջաֆերովիչն, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «ընտրողների համար արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկն է»: Խորվաթների ներկայացուցիչ Ժելկո Կոմշիչը ևս դա առաջնահերթություն է համարում:

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ռազմական դաշինքին ավելի շատ Բալկանյան երկրներ կանդամակցեն, և ինչպես նշում է գործակալությունը, այս տարածաշրջանում դաշինքը պայքարում է Ռուսաստանի դեմ ազդեցության համար: Մոսկվան, իր հերթին, դատապարտել է Բալկաններում ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Այսպիսով, դաշինքին արդեն անդամակցում են Սլովենիան, Խորվաթիան և Չեռնոգորիան, իսկ հուլիսին Մակեդոնիան ևս ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: