Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում FETO գործով ձերբակալում են ավելի քան 200 զինվորականների


Կասկածյալների թվում չորս գնդապետ կա


  
դիտումներ: 632

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ստամբուլի դատախազությունն այսօր թույլ է տվել ձերբակալել 219 թուրք զինվորականների «ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) նրանց հնարավոր մասնակցության քննության շրջանակներում: Այդ մասին հաղորդել է N-TV հեռուստատեսությունը:

Ըստ այդ հաղորդման՝ կասկածյալների թվում չորս գնդապետ կա: Իրավապահ մարմիններն արդեն սկսել են զինվորներին ձերբակալելու գործողությունները:

2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ձեռնարկեցին պետական հեղաշրջում և նախագահ Թայիփ Էրդողանի առևանգումը: Հիմնական գործողությունները կատարվեցին Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ, չհաշված դավադիրներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ ստացավ: Անկարան մեղադրում է FETO-ին հեղաշրջումը նախապատրաստելու մեջ, իսկ քրեական գործում գլխավոր մեղադրյալը Ֆեթուլլահ Գյուլենն է՝ այդ կազմակերպության առաջնորդը, որ այժմ ապրում է ԱՄՆ-ում:

FETO-ին աջակցելու գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ, տասնյակհազարավորները զրկվել են աշխատանքից պետական կառույցներում: Դատապարտվածների, մեղադրյալների կամ կասկածյալների մեջ մեծ թվով բարձր աստիճաններով սպաներ են, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: