Հայերեն   English   Русский  

​Փողոց են դուրս եկել նաև հունգարները. նրանք բողոքում են աշխատանքի մասին օրենքի փոփոխությունների դեմ


  
դիտումներ: 552

Անցած կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, մոտ 10 հազար մարդ էր դուրս եկել Բուդապեշտի փողոցներ՝ բողոքելով երկրի աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք ընդունվել են անցած շաբաթ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

«Ուրախ Սուրբ Ծնունդ, պարոն վարչապետ» անունը ստացած ցույցի մասնակիցները քաղաքի կենտրոնով քայլել են դեպի խորհրդարանի, այնուհետև արվարձանում գտնվող Հունգարիայի պետական հեռուստատեսության շենքը:

Սա արդեն չորրորդ և ամենաբազմամարդ ցույցն էր աշխատանքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, նաև, ըստ «Ռոյտեր» գործակալության, Վիկտոր Օրբանի իշխանության գալուց հետո ամենխոշոր ցույցերից մեկը Հունգարիայում:

Ինչպես Հունգարիայից հաղորդել է BBC-ի թղթակից Նիկ Թորփը, Հունգարիայի պետական հեռուստատեսության մոտ հավաքված ցուցարարները վանկարկում էին. «Ստի ֆաբրիկա»: Նրա խոսքով՝ ցուցարարները 7 կմ են անցել ցուրտ եղանակին, իսկ լարված առճակատումը ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ջոկատների հետ շարունակվել է մի քանի ժամ:

Ըստ երկրի աշխատանքի օրենսգրքում մտցված փոփոխությունների՝ հունգարական ընկերությունները կարող են ամեն տարի աշխատակիցներից պահանջել 400 ժամ արտաժամյա աշխատանք և երեք տարի հետաձգել դրա վարձատրությունը:

Հունգարիայի կառավարությունը պնդում է, որ աշխատանքի բարեփոխումը օգտակար կլինի թե՛ աշխատողների, թե՛ ընկերությունների համար, որոնք աշխատուժը լրացնելու կարիք ունեն:

Կիրակնօրյա ցույցը կազմակերպել էին արհմիութենական գործիչները, ուսանողները և ընդդիմությունը, որպեսզի հասնեն աշխատանքային օրենսդրության նոր դրույթների չեղարկմանը, ինչպես նաև պահանջեն երկրի դատական համակարգի անկախություն: Ցուցարարների բռնած պաստառներին գրված կարգախոսների թվում էին հետևյալը. «Մի գողացիր», «Անկախ դատարան», «Ժողովրդավարություն՝ այն ամենը, ինչ պետք է ինձ Սուրբ Ծնունդին»:

Նոր օրենսդրության քննադատները նրանում ամրագրված աշխատանքի նորմերը համարում են ստրկական: Վարչապետ Վիկտոր Օրբանի ընդդիմախոսները մեղադրում են նրան ավելի ու ավելի ավտորիտար դարձող կառավարման ոճի համար: Իսկ վարչապետը հերքում է իր հասցեին մեղադրանքները:

Իշխող «Ֆիդես» կուսակցությունը հայտարարել է, որ այդ ցույցերը արտասահմանցիների ձեռքի գործն են, որոնք վարձատրվում են հունգարական ծագումով ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից:

Ջորջ Սորոսը հերքել է այդ մեղադրանքները: Նա ասել է, որ դրանք սուտ են և ուղղված են արտաքին մտացածին թշնամի ստեղծելուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: