Հայերեն   English   Русский  

​ԿԱՅԱՑԱԾ ԵՒ ԱՐԴԻՒՆԱՒԷՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԲԱՅՑ...


  
դիտումներ: 482

Երէկ Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում «Իրան-Հայաստան» փոխյարաբերութիւնների ընդգրկուն թեմայով բանավէճ- քննարկումները կարելի է բնութագրել որպէս արդիւնաւէտ ու կայացած…

Բնականաբար, երկկողմ բանավէճի առանցքային կողմերից մէկն էր հանդիսանում Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական կորպուսի ներկայացուցչութիւնը ի դէմս՝ Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի: Վերջինս երկու երկրների քաղաքական-տնտեսական փոխյարաբերութիւնների վերաբերեալ ըստ ամենայնի ճշգրիտ եւ իրաւացի դատողութիններ ու դիտողութիններ անելով հանդերձ, որոշակի հատւածներում խիստ ու կշտամբանքի տոնայնութիւն հաղորդելով իր ելոյթներին (այն էլ թարգմանւող), պատճառ դարձաւ, զորօրինակ, Իրանի պետական պաշտօնական լրատւացանց՝ ԻՌՆԱ-ի ներկայացուցչի՝ լսարանի եւ ունկնդիրների մօտ աւելի համոզիչ պատասխանի հնչեցմանը (այն էլ իրանցուն իւրայատուկ՝ մեղմ տոնայնութեամբ):

Կամ՝ ի՞նչ անհրաժեշտութիւնից մղւած՝ յարգարժան դեսպանը ոչ թէ մէկ, այլեւ 3 անգամ կրկնում էր տւեալ միջոցառման մասին «Ինձ ընդամենը երէկ են տեղեկացրել» իր վրդովմունքը, մինչդեռ թերթս կազմակերպիչներից տեղում ստուգելով՝ պարզեց, որ ոչ թէ մէկ օր, այլ մէկ շաբաթ առաջ է հրաւէրն յղւել յարգոյ դեսպանին…

Եւ վերջապէս պրն. դեսպանը երիցս դժգոհելով կազմակերպիչներին, յուշում էր թէ՝ «Լաւ կը լինէր այս բանավէճին Հայաստանից էլ փորձագէտներ հրաւիրւէին…», մինչդեռ, երկրորդելով հանդերձ դեսպանի նկատառումը, հարկ ենք համարում յիշեցնել, որ ամենամեայ պարբերականութեամբ նոյնինքն «ՀՈՒՍԿ» հաստատութեան կողմից, «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովի շրջանակներում, թէ՛ հայ եւ թէ՛ առաւել եւս պարսկական լսարանի առջեւ հէնց պրն. դեսպանի նշած Հայաստանի տնտեսա-քաղաքական փորձագէտ վերլուծաբաններն են ելոյթներով հանդէս գալիս, որտեղ եւ ներկայ է լինում ինքը՝ պրն. Թումանեանը:

Ինչեւէ, երեւի հարկաւոր չլինէր երէկւայ միջոցառմանը պատահած միջադէպերին նման կերպ արձագանգէինք, եթէ համոզւած չլինէինք նրանում, որ լսարանը, միջավայրը եւ դրանց համարժէք՝ խօսակցական-բանավիճային ոճն ու տոնայնութիւնը եւս ուղղակիօրէն ազդում է՝ բուն միջոցառմանը դրական թէ՛ բացասական գնահատութեան խնդրում…:

Յ. Գ. – Երէկւայ բանավէճ-քննարկման բովանդակային միւս թեմային կանդրադառնանք յաջորդիւ:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: