Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում ՆԳՆ-ն և ոստիկանության արհմիությունները համաձայնության են եկել. աշխատավարձերը կբարձրանան


  
դիտումներ: 497

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին», Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը և ոստիկանության երեք հիմնական արհմիությունները համաձայնության են եկել 2019 թվականից աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ:

Այդ մասին հաղորդվում է երկրի ներքին գործերի գերատեսչության կայքում:

Ֆրանսիայի ոստիկանների արհմիութենական կազմակերպությունները շաբաթվա սկզբից կոչ էին անում գործընկերներին հանդես գալ բողոքով անվտանգության ուժերի ծախսերի կրճատման դեմ, ինչպես նաև աշխատանքի ծանր պայմանների դեմ: Այսպես, օրինակ՝ Alliance Police Nationale արհմիությունը կոչ էր անում ոստիկաններին չորեքշաբթիից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մնալ աշխատավայրում և դուրս գալ միայն արտակարգ պատահարների դեպքում:

Արհմիությունների ներկայացուցիչների և Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆեր Կաստաների ու ՆԳՆ-ին առընթեր պետքարտուղար Լորան Նունյեսի հանդիպումը տեղի է ունեցել երեկ երեկոյան:

Բանակցությունների արդյունքում բոլոր կողմերը համաձայնության արձանագրություն են ստորագրել: Այդ արձանագրությամբ նախատեսվում է 2019 թ. հունվարի 1-ից ամսական 40 եվրոյի հավելավճար ստաժի համար, ինչպես նաև հատուկ պարգևավճար վտանգավորության համար:

Ինչպես մեկնաբանել է Unité-SGP Police-FO արհմիության քարտուղար Իվ Լեֆեբրը, արձանագրությամբ նախատեսվում է, որ 2019-220 թթ. ոստիկանության աշխատողների ամսական աշխատավարձը կբարձրանա 120-150 եվրոյով՝ ըստ ռանգի և ստաժի:

«Այսօր երեկոյան մենք կարող ենք հուսալ, որ 2019 թ. հունվարի 1-ից մինչև 220 թ. հունվարի 1-ը ոստիկանության սկսնակ աշխատողների ամսական աշխատավարձը կբարձրանա միջինը 120 եվրոյով, իսկ ավելի բարձր ռանգի աշխատողների համար բարձրացումը կկազմի 120-150 եվրո»,- հայտարարել է Լեֆեբրը BFM հեռուստատեսությամբ:

Ոստիկանների ընդվզումները տեղի են ունենում սոցիալական խոր ճգնաժամի համատեքստում, որ առաջացել է այսպես կոչված «Դեղին ժիլետների» շարժումով: Համաձայն չլինելով իշխանությունների քաղաքականությանը, վրդովված վառելիքի նախատեսված բարձրացումից և առհասարակ սպառողների գնողունակության անկումից՝ «Դեղին ժիլետները» նոյեմբերի 17-ից սկսեցին ողջ Ֆրանսիայում փողոց դուրս գալ: Նրանց սկզբնական պահանջը բենզինի գնի իջեցումն էր, այնուհետև ավելացան ուրիշ պահանջներ: Լայնածավալ ցույցերն ուղեկցվում էին ցուցարարների և ոստիկանների բախումներով, ջարդերով, մեքենաների հրդեհումներով, խանութների և բանկերի ավերումներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: