Հայերեն   English   Русский  

Համաշխարհային բանկի ղեկավարը հրաժարական է տվել, ինչը անակնկալ էր նրա աշխատակիցների համար


  
դիտումներ: 232

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ փետրվարի 1-ից հեռանում է պաշտոնից, բանկի ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:

Կիմի պաշտոնավարման ժամկետը 2022 թվականն էր: Նա բանկի նախագահ է աշխատել ավելի քան վեց տարի: Հրաժարականի պաշտոնական վարկածը բանկիրի ցանկությունն է վերադառնալ աշխատանքի տնտեսության մասնավոր հատվածում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Համաշխարհային բանկի աշխատողներին տեսանյութ են ուղարկել, որում Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Համաշխարհային բանկի և Ներդրումային երաշխիքների բազմակողմ գործակալության գործադիր տնօրենները, ինչպես նաև կարավարիչների խորհրդում ավագ տնօրեն Միրզա Հասանը դիմում են բոլոր աշխատողներին, թե ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ աշխատողներին հայտնել են, որ խմբի նոր նախագահի որոնումն արդեն սկսվել է:

Հայտարարելով հրաժարականի մասին՝ Կիմն իր ձեռքբերումների թվում նշել է խմբի բաղկացուցիչ մասերի՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 միլիարդ դոլարով: Բանկի հռչակված նպատակն է մինչև 2030 թվականը վերջ տալ աղքատությանը մեր մոլորակում:

Համաշխարհային բանկի խմբին աջակցում է 189 երկիր:

Կազմակերպության նախագահը նախագահում է տնօրենների խրհրդի խորհրդակցությունները և պատասխանատու է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարման համար: Ըստ ավանդույթի՝ Համաշխարհային բանկի նախագահ է դառնում ԱՄՆ-ի քաղաքացի, այսինքն՝ այն երկրի, որը բանկի խոշորագույն բաժնետերն է: Նախագահին ընտրում է կառավարիչների խորհուրդը 5 տարվա ժամկետով, նա կարող է նաև վերընտրվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: