Գոռ Մինասյան. «Մարզիկներին ցանկանում եմ հաղթանակներով լի և առանց վնասվածքների տարի»
Հայ մարզիկն Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում երկամարտում գրանցեց 450 կգ (205+245) արդյունք` դառնալով աշխարհի փոխչեմպիոն, միաժամանակ բարելավելով իր անհատական արդյունքը:
Անկախի հետ զրույցում Գոռ Մինասյանը պատմում է աշխարհի առաջնությունից ստացած տպավորությունների, մարզիկների լավագույն տասնյակում ընդգրկվելու կարևորությանն և նոր` 2019 թվականի ծրագրերի մասին:
-Գոռ, 2018 թվականը մարզական առումով կարելի է հաջողված համարել. Դուք նվաճեցիք աշխարհի առաջնության արծաթե մեդալը:
-2018 թվականն ընդհանուր առմամբ կարելի է դրական գնահատել ձեռքբերումների առումով: Աշխարհի առաջնության արծաթե մեդալը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարզիկի համար։ Ամեն ինչ ընթացավ մեր նախատեսածին համաձայն: Անձնական քաշս ավելացրել էի. դրա արդյունքում հրում վարժության կիլոգրամներս բարելավեցի (245կգ), ինչը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ անձնական ռեկորդ էր: Մրցումների ժամանակ այդքան երբևէ չէի բարձրացրել:
-Աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականին հաջողվեց 1 ոսկե և 1 արծաթե մեդալ նվաճել Ձեր և Սիմոն Մարտիրոսյանի շնորհիվ:
-Թիմը հաջող հանդես եկավ. կարևոր է, որ մենք մեր տեղը չենք կորցնում ծանրամարտի աշխարհում, առաջատարների շարքին ենք դասվում և համոզված ու վստահ քայլերով, հաղթանակներով շարժվում ենք առաջ: Եվրոպայի առաջնությունը բաց թողեցինք, բայց աշխարհի առաջնությունում հաջող հանդես եկանք` չեմպիոն և փոխչեմպիոն ունենալով:
Ծանրամարտն անհատական մարզաձև է, պայքարը թեև անհատական է, բայց թիմային ոգին շատ կարևոր է: Եթե թիմում համերաշխություն չլինի, այդ ամենը կանդրադառնա մարզիկների ելույթների վրա: Կարող եմ ասել, որ յուրաքնչյուրն առանձին-առանձին ապրում է իր մեջ թիմակցի` ընկերոջ ելույթը: Ինձ համար շատ կարևոր են քաջալերող խոսքերը, որոնք ասում են թիմակիցները և ճանապարհում դեպի մրցահարթակ: Սա մեծ նշանակություն ունի մարզիկի համար: Սպորտից դուրս մենք բոլորս մտերիմ ընկերներ ենք:
-2018 թվականին ընդգրկվեցիք մարզիկների լավագույն տասնյակում, դարձաք Գյումրիի տարվա լավագույն մարզիկ, Հայասատնի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից պարգևատրվեցիք երախտագիտության մեդալով: Այս ամենը պարտավորեցնու՞մ է:
- Այս տարի աշխատելու եմ արդյունքերը բարելավել` փորձելով ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել: Հունվարի 15-ից սկսվելու են ուսումնամարզական հավաքները և պատրաստվելու ենք տարվա կարևորագույն ստուգատեսներին:
Աշխարհի առաջնությունում հարկավոր է լավ արդյունք ցույց տալ` օլիմպիական վարկանիշն ամրապնդելու համար: Մեզ մոտ օլիմպիական ուղեգրերը բաշխվում են 2 աշխարհի առաջնությունների արդյուքներով: Արդեն սկսել ենք նախապատրաստվել այս տարվա Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Վրաստանում:
Այս ամենը պարտավորեցնում է, նաև մոտիվացնում է` կանգ չառնելու, ավելի լավ արդյունք ցույց տալու: Մարզիկն իրեն պարտավորված է զգում ժողովրդի առաջ: Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող բոլորի ցանկությունները կատարվեն գալիք տարում, և մենք անենք ամեն ինչ, որ մարդկանց դեմքից ժպիտը չպակասի: Մարզիկներին ցանկանում եմ հաղթանակներով լի և առանց վնասվածքների տարի: Մարզական բախտը թող մշտապես ուղեկցի մեր մարզիկներին: