Հայերեն   English   Русский  

​Հունաստանի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց Մակեդոնիայի վերանվանման պատճառով


  
դիտումներ: 597

Ինչպես տեղեկացնում է ProtoThema պարբերականը, «Անկախ հույներ» կուսակցությունը դուրս է գալիս Հունաստանի կառավարության կազմից: Այդ մասին հայտարարել է տվյալ կուսակցության առաջնորդ, երկրի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը: Իր որոշման մասին նա հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպումից հետո: Ինքը՝ պարոն Կամմենոսը, նաև թողնում է նախարարի պաշտոնը:

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Հունաստանի կառավարության ճակատագիրը Մակեդոնիայի սահմանադրությունում կատարելիք փոփոխություններին այդ երկրի խորհրդարանի հավանությունից հետո, որոնք նախատեսում են նաև այդ երկրի անվան փոփոխությունը: «Անկախ հույները» կտրականապես դեմ են, որ հարևան պետությունն իր անվան մեջ օգտագործի «Մակեդոնիա» բառը:

Պարոն Ցիպրասը հայտարարել է, որ ընդունել է պարոն Կամմենոսի հրաժարականը: Նրա պարտականությունները կատարելու է գլխավոր շտաբի պետ Եվանգելոս Ապոստոլակիսը: Վարչապետը խորհրդարանում առաջադրել է կառավարության վստահության հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հունաստանի կառավարությունը ստորագրել է Մակեդոնիայի հետ պայմանագիր, որը նախատեսում է երկիրը վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Դա նրա համար ճանապարհ կբացիդեպի ՆԱՏՕ և ԵՄ: Սեպտեմբերի վերջին Մակեդոնիայում համապատասխան հանրաքվե է անցկացվել: Մասնակցությունն այդ հանրաքվեին կազմել է ընդամենը 36,1 տոկոս, ուստի հանրաքվեն համարվել է չկայացած: Սակայն Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարանվանմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: