Հայերեն   English   Русский  

Ալեքսանդր Լապշինը պատմել է Բաքվի բանտում սպանության եւ ադրբեջանական բլոգերների տանջանքների մասին


  
դիտումներ: 855

Ալեքսանդր Լապշինն այսօր Facebook-ի իր էջում գրառում է կատարել

«Նրանք սպանել են բլոգերին» խորագրով: Գրառման մեջ նա պատմել է ադրբեջանական բլոգեր Մեհման Գալանդարովի դաժան սպանության և բլոգեր Մեհման Հուսեյնովի բանտային պայմանների մասին:

Ստորև Լապշինի գրառումն է.

«Ես գիտեմ երկու ադրբեջանական բլոգերների, երկուսի անունն էլ Մեհման է: Մեկի հետ անձամբ եմ ծանոթացել, նա Բաքվի Քյուրդահանի բանտում 2017 թվականի ապրիլին գազանաբար սպանված Մեհման Գալանդարովն է և ես վերջին մարդն էի, որ տեսել է նրան կենդանության օրոք:

Ինձ նույնպես պահում էին այդ բանտում: Այդ մասին՝ քիչ անց: Երկրորդ ադրբեջանական բլոգերը Մեհման Հուսեյնովն է, որի հետ ես ծանոթ չեմ: Գիտեմ նրա մասին ԶԼՄ-ներից: Նրան պահում են Բաքվի այդ նույն բանտում շինծու մեղադրանքներով՝ վրեժ լուծելով եղբորից՝ հայտնի լրագրող և իրավապաշտպան Էմին Հուսեյնովից, որն ապրում է Շվեյցարիայում:

Հանգուցյալ Մեհման Գալանդարովի հետ ես հանդիպել եմ պատահական: Ինձ պահակախմբի ուղեկցությամբ տանում էին բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովի մոտ: Դեմքով դեպի պատը կանգնեցրին, կողքս կանգնած էին բանտի երկու աշխատկաիցներ, իսկ երկու մետր հեռավորության վրա կանգնած էր մեկ այլ բանտարկյալ: Աչքի պոչով նայեցի նրան. դեմքն ինձ անծանոթ էր: Բայց տղամարդն ինձ ասաց. «Բարև′, Ալեքսանդր: Ես էլ եմ բլոգեր: Դու ինձ, հավանաբար, չգիտես, իսկ ես քեզ տեսել եմ հեռուստացույցով: Իմ անունը Մեհման է: Օգնիր ինձ, նրանք ինձ կսպանեն այստեղ…»:

Ես նրան պատասխանեցի, որ չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ նրան օգնել, քանի որ ինձ ևս առևանգել են և ապօրինաբար են պահում այստեղ: Այլևս մենք չէինք կարող խոսել. բանտի աշխատակիցները կոպտորեն հրահանգեցին լռել: Միակ բանը, որ ես կարողացա անել նրա համար, նրա մասին ինձ պարբերաբար այցելող Ռուսաստանի և Իսրայելի դեսպանների հանդիպման ժամանակ տեղեկատվություն փոխանցելն էր: Նրանք դա ընդունեցին ի գիտություն:

Ադրբեջանական գերությունից ազատվելուց և Իսրայել վերադառնալուց հետո, ես սկսեցի փնտրել այդ մարդուն: Հարցրի ադրբեջանական ընկերներիս, և նրանք հայնտեցին, որ այդ մարդը Մեհման Գալանդարովն է, ադրբեջանական բլոգեր, որը դատապարտվել էր Իլհամ Ալիեւի մասին քննադատական գրառում անելու պատճառով:

Պարզվել էր, որ բլոգեր Մեհման Գալադարովը գազանաբար սպանվել էր բանտում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր անց: Իշխանությունները հայտարարել էին, որ նա իբրեւ թե «կախվել է», այնպես, ինչպես և իմ մասին էին հայտարարում:

Սակայն, ինչպես գիտենք, չորս վիժվածքներ ներխուժել էին իմ բանտախուց, ծեծել և խեղդել, այնուհետեւ կախել զուգարանում՝ իբրեւ ինքնասպանություն, ինչի մասին անմիջապես հաղորդել էին ալիևյան բոլոր ԶԼՄ-ները: Այստեղ նույն պատմությունն էր: Ավելին, ինչպես հիշում ենք, ինձ Ադրբեջանի իշխանությունները ամբողջ օրը թաքցնում էին հիվանդանոցներում: Իմ փաստաբան Էդուարդ Չերնինը ոտքի էր հանել և′ Ռուսաստանի, և′ Իսրայելի դեսպանատները՝ Բաքվի բոլոր հիվանդանոցներում և դիահերձարաններում փնտրելով ինձ: Բանտի ղեկավար Ռաշիդ Սաֆարովը ծամծմելով պատասխանում էր նրան. «Ինքներս չգիտենք՝ ուր է անհետացել Լապշինը…»: Իմ բախտը բերել էր. ինձ գտել էին: Քյուրդահանի բանտի բարեխիղճ աշխատակիցները տեղեկացրել էին, որ ինձ վաղ առավոտյան կլինիկական մահվան վիճակում տեղափոխել էին բանտային հիվանդանոց: Սակայն երբ փաստաբանը եկել էր այնտեղ, ինձ արդեն թաքցրել էին այլ հիվանդանոցում, ընդ որում՝ ընդունարանում պնդելով, որ Լապշին ազգանունով հիվանդ չունեն:

Մեհման Գալանդարովի դեպքը շատ ավելի դաժան էր. նրան սպանել էին, այնուհետեւ գաղտնի թաղել քաղաքային գերեզմանոցում առանց հուշարձանի կամ որևէ տեղեկատվական վահանակի: Օրեր շարունակ բարեկամներին հրաժարվում էին պատմել տեղի ունեցածի մասին: Չնայած լուրջ սկանդալի՝ Բաքվի իշխանություններին հաջողվել էր «կոծկել» գործը՝ թողնելով այն չբացահայտված: Հետաքրքիր է նրան միևնույն վիժվածքնե՞րն էին սպանել, որոնք խեղդում էին ինձ նույն բանտում չորս ամիս անց:

Այժմ նրանք պահում են բլոգեր Մեհման Հուսեյնովին նույն բանտում, որտեղ Մեհման Գալանդարովի մարդասպաններն են: Ճիշտն ասած՝ ես վախենում են այդ երիտասարդի կյանքի համար…»,-գրել է Ալեքսանդր Լապշինը:

2016 թվականի վերջում Լապշինը բերման էր ենթարկվել Մինսկում Ադրբեջանի հայցի հիման վրա, որը ներառել էր նրան «սև ցուցակում» առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը բավարարել էր Ադրբեջանի հայցը եւ արտահանձնել Լապշինին: Բաքվի դատարանը Լապշինին երեք տարով ազատազրկելու վճիռ էր կայացրել: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելիորեն ստորագրել էր հրամանագիր Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Ինչպես պարզվել էր, նույն օրը բանտում Լապշինին սպանելու փորձ էր ձեռնարկվել, ընդ որում՝ Ադրբեջանի իշխանությունները ներկայացրել էին դա որպես ինքնասպանության փորձ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: