Հայերեն   English   Русский  

Թրամփը սպառնում է սնանկացնել Թուրքիային, եթե Անկարան գրոհի Սիրիայում քրդերի վրա


​Միացյալ Նահանգների նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «քրդերն էլ չպետք է սադրեն Թուրքիային»


  
դիտումներ: 321

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Թուրքիային սնանկացմամբ, եթե Սիրիայից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում գրոհի սիրիական քրդերի վրա:

«Մենք կսնանկացնենք Թուրքիային այն դեպքում, եթե նա գրոհի քրդերի վրա»,- երեկ գրել է Սպիտակ տան ղեկավարը իր թվիթերյան էջում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «քրդերն էլ չպետք է սադրեն Թուրքիային»: Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել «20 մղոնանոց բուֆերային գոտի» (մոտ 32 կմ):

Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Նա պատճառաբանեց դա այն իրողությամբ, որ հաղթանակ է տարվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ, ինչն էլ այնտեղ ԱՄՆ զորքերի գտնվելու միակ պատճառն էր: Ինչպես հայտարարել են ԱՄՆ պաշտոնատար անձինք, զորքերի դուրսբերումը կարող է տևել 60-100 օր: Ընդ որում Պենտագոնում ընդգծել են, որ արշավը ԻՊ-ի դեմ ավարտված չէ, ԱՄՆ-ն «կշարոնակի աշխատել իր գործընկերների և դաշնակիցների հետ ԻՊ-ին ոչնչացնելու համար»:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահի օգնականը ազգային անվտանգոըւթյան գծով՝ Ջոն Բոլթոնը, Իսրայել կատարած այցի շրջանակներում (Թուրքիա այցի նախօրեին) հայտարարեց, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է տեղի ունենա այն համոզմամբ, որ ապահովված է նրանց անվտանգությունը, ովքեր կռվել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ հաղթանակ տանելու գործում ներդրում ունեն նաև քրդերը:

Անկարան խիստ է արձագանքել Բոլթոնի խոսքին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ սխալ որակեց ԱՄՆ-ի պահանջները Սիրիայում քրդերի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ: Նա հայտարարել է, որ Թուրքիան կարող է Սիրիայի հյուսիսում գործողություն սկսել քրդական կազմավորումների դեմ Անկարա Բոլթոնի այցից հետո ցանկացած պահին՝ նախապես կապվելով Թրամփի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: