Հայերեն   English   Русский  

«Արամի 23-ի շենքի պատի փլուզման օրը Լևոն Վարդանյանը հայտարարել է, որ շենքը պետք է քանդվի». Հեքեքյան


  
դիտումներ: 553

«Արամի 23 շենքը ամրագույն շենք էր մինչև փոսորակի փորելը 2018 թվականի մայիսին: Եթե փոսորակը կառուցեին 15 մետր, ավելին՝ 500 մետր էլ կառուցեին, բայց ճիշտ, գրագետ, այդ շենքին բան չէր լինի»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին փլուզվել էր մոտ 130 տարեկան շենք հանդիսացող, պատմամշակութային հուշարձան, Արամի 23 հասցեում գտնվող շենքի պատը, որ պատկանում է ««Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին:

Հեքեքյանը համոզված է՝ «Հին Երևան» նախագծի հեղինակները միտումնավոր փորել են այդ փոսը, որպեսզի պատը փլվի:

«Հուշարձանի պատի քանդման օրը նախագծի հեղինակը` Լևոն Վարդանյանը, Աբրոյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր` շենքը պետք է քանդվի, ես այդպես եմ նախագծել. այս խոսակցությանը ներկա է եղել մեր տնտեսվարը: Ամիսներ առաջ էլ, երբ ես ներկա էի շենքի պատի ամրակայման հարցի քննարկմանը, Վարդանյանը հպարտորեն հայտարարում էր, որ ինքն այդպես է նախագծել շենքը և որևէ չինովնիկ չի կարող իրեն ստիպել, որ նախագիծը փոխվի »,-ասաց Հեքեքյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերի վերջերին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից հանձնարարվել էր` մինչև շենքի խնդրի լուծման տարբերակ գտնելը` պետք է ամրակայման աշխատանքներ տարվեն, որը սակայն պատը չէր ամրացվել:

«Տրամաբանությունը հետևյալն է` Արամի 23-ի տարածքում խախտումներով փորված փոսորակի հետևանքով վնասվել է շենքը: Այն քանդել է «Հին Երևանը», որը պատկանում է Վարդան Սերմաքեշին, իսկ նախագծի հեղինակը Լևոն Վարդանյանն է: Պատկան մարմիններն էլ հերթով ասում են` իրենք մեղավոր չեն: Լավ, ինչքան կարող են պատկան մարմիններն աշխատեն իրար դեմ: Մեղավորը նախորդ իշխանություններն են, բայց ապշում եմ, որ ներկա իշխանություններն էլ ուզում են ժառանգել այդ տխուր բեռն իրենց ուսերին»,-ասաց Հեքեքյանը:

Նա ընդգծեց, որ պատկան մարմինների ներկայացուցիչները հրաժարվել են իր հետ հանդիպել: Հաղորդակցությունը կատարվել է գրավոր ձևով:

Նա հիշեցրեց նաև, որ 2018-ի դեկտեմբերի վերջին կառավարության որոշմամբ` այդ տարածքը կրկին գերակա շահ է ճանաչվել:

«Վարչապետն ասում է ՝ շենքը չի քանվելու, գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ասում է շենքը չի քանդվելու, իսկ ընդամենը 2 օր առաջ Լևոն Վարդանյանն ասում է՝ քանդելու է այս շենքը: Սա հանցագործ տարր չէ՞: Սա հակահեղափոխական երևույթ չէ՞:»

Հեքեքյանը տեղեկացրեց նաև, որ այսօր կառավարությունում քննարկվել է Արամի 23-ի շենքի ճակատագրի հարցը, որին մասնակցելու է նաև ինքը:

Իր հերթին Մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը նշեց՝ եթե ժամանակին Արամի 23-ի շենքի հիմքերն ամրակայվեին, պատը չէր փլուզվի:

Ն ընդգծեց՝ քրեական գործը կպարզի, թե ովքեր են մեղավոր շենքի փլուզման համար: Դեռ 2018-ի ապրիլին, երբ քաղաքապետարանի կողմից թույլտվության միջոցով, Արամի 23 հասցեում փոս էր փորվել` տեղում եռահարկ կառույց կառուցելու նպատակով, շենքի պատի փլուզման վտանգ էր առաջացել: Այդ ժամանակ մշակույթի նախարարությունը դիմել է քաղաքապետարան` հորդորելով իրավիճակը կարգավորելու համար քայլեր անելու և հայտարարել, որ տեղում շինարարական աշխատանքներն ապօրինի բնույթ են կրում:

«Այդ ժամանակ ես կառուցապատողի` Վարդան Սերմաքեշի ներկայացուցիչների, «Հին Երևան» ծրագրի հեղինակի` Լևոն Վարդանյանի հետ հանդիպեցի և պարզվեց, որ հեղինակը Արամի 23-ի անգամ չափագրումը չունի անգամ: Հետո արդեն ինքս չափագրում կատարեցի, որի հիման վրա Վարդանյանը պետք է նախագիծ ներկայացներ: Նախագիծը ներկայացվեց, այն ուղարկվեց քաղշին, քննարկման դրվեց ու մերժվեց, քանի որ այն այնպիսի միջամտություններ էր նախատեսում, որոնց հետևանքով ավելի շուտ կքանդվեր հուշարձանի պատը»,-ասաց Աբրոյանը:

Այնուհետև Հեքեքյանի պատվերով է մի նախագիծ մշակվել ու ներկայացվել նախարարություն, որն իր հերթին ներկայացվել է քաղաքապետարան, սակայն ընթացք չի տրվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: