Հայերեն   English   Русский  

​Բելգիայի եկեղեցուց նկար են գողացել, որը վերագրվում է Միքելանջելոյին


  
դիտումներ: 544

Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Միքելանջելո Բոունարոտիին կամ նրա աշակերտ Մարչելլո Վենուստիին վերագրվող նկարը գողացել են Բելգիայի հյուսիս-արևմուտքում՝ Զելե կոմունայում գտնվող Սուրբ Լյուդգերի եկեղեցուց:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

XVI դարի «Մադոննա դել Սիլենսիո» նկարում պատկերված է սուրբ ընտանիքը և Հովհաննես Մկրտիչը մանուկ հասակում: Նկարված է 14x99 սմ չափսի փայտի վրա:

«Գողությունը կատարվել է հունվարի 11-ի առավոտյան տեղի ժամանակով ժամը 5-6-ի սահմաններում: Գողը եկեղեցի է մտել աղոթատնից»,- ասվում է Ինտերպոլի հաղորդագրությունում:

Ըստ այդ գերատեսչության՝ վկաները հայտնել են, որ հունվարի 10-ի առավոտյան եկեղեցու հետնամուտքի մոտ կասկածելի երիտասարդի են տեսել: Նրանց խոսքով՝ նա 17-20 տարեկան կարող էր լինել, հագած է եղել մուգ հագուստ և մուգ գույնի ուսապարկ է ունեցել:

Ոստիկանությունը դիմել է տեղի ունեցածի հնարավոր ականատեսներին՝ խնդրելով տեղեկություն հայտնել գողության հանգամանքների կամ նկարի ներկայիս գտնվելու վայրի մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: