Հայերեն   English   Русский  

​Թերեզա Մեյի կառավարությունը հաղթահարեց խորհրդարանում անվստահության վոտումը


Նախարարների կաբինետին վստահություն է հայտնել 325 պատգամավոր, դեմ՝ 306


  
դիտումներ: 467

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը հաղթահարեց անվստահության վոտումը, որ մտցրել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը: Քվեարկության ժամանակ, որ տեղի ունեցավ երեկ՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին՝ Հայանքների պալատում, 306 ժողովրդի ընտրյալներ անվստահություն հայտնեցին, սակայն 325 պատգամավոր պաշտպանեց նախարարների կաբինետին:

Լեյբորիստների դեմարշի պատճառը նախորդ օրը խորհրդարանում կայացած քվերակության արդյունքներն էին: Պատգամավորները 230 ձայնի տարբերությամբ մերժեցին բրեքսիտի պայմանների մասին համաձայնեցված պայմանագիրը, ինչը հարցականի տակ դրեց Եվրամիությունից երկրի կանոնակարգված հեռանալը:

Քվեարկությունից առաջ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարեց, որ բրեքսիտի «մեռած» պայմանագրի մերժումը խորհրդարանի կողմից ցույց է տալիս, որ կառավարությունն ի վիճակի չէ հավանություն ստանալու իր հիմնական ծրագրին, հետևաբար պետք է ճիշտ վարվի և հրաժարական տա:

Ի պատասխան Մեյը հայտարարեց, որ կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունները ազգային շահերից չեն բխում, քանի որ չեն երաշխավորում, որ որևէ կուսակցություն կարող է հասնել բացահայտ մեծամասնության: Նման իրավիճակում, ինչպես պնդեց նա, բրեքսիտի բանակցությունները կմնան փակուղում: Հիմա կառավարությունը պետք է կողմնորոշվի, թե հետագա ինչ քայլեր է անելու, և արդեն հունվարի 21-ին ներկայացնի խորհրդարանին բրեքսիտի «Պլան Բ»-ն:

Մեյը հետ չվեցրեց խորհրդարանից ԵՄ-ի հետ համաձայնեցրած գործարքի իր տարբերակը, ուստի բացառված չէ, որ նորից քվերակության կդնի արդեն փետրվարին: Ընդ որում, առայժմ անհայտ է, թե կփոփոխվի արդյոք համաձայնության տեքստը, և կհամաձայնի արդյոք Բրյուսելը նորից բանակցություններ սկսել բրեքսիտի հարցով:

Վոտումը հաղթահարելուց հետո վարչապետը հայտարարեց, որ կկատարի բրիտանացի ժողովրդի կամքը և կիրականացնի բրեքսիտը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական պատմության մեջ, սկսած 1742 թվականից առ այսօր, բրիտանական խորհրդարանը 21 անգամ անվստահություն է հայտնել գործող կառավարությանը: Վերջին նման դեպքը տեղի է ունեցել 1979 թ. մարտի 28-ին, երբ Համայնքների պալատն ընդամենը 1 ձայնի առավելությամբ՝ 311-ը 310-ի դեմ, անվստահություն հայտնեց լեյբորիստ վարչապետ Ջեյմս Կալլագենի կառավարությանը: Այդ հարցի նախաձեռնողը խորհրդարանի ստորին պալատում ընդդիմադիր պահպանողական կուսակցության առաջնորդ Մարգարետ Թետչերն էր, որն էլ փաստորեն թորիին հաղթանակի տարավ արտահերթ ընտրություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: