Հայերեն   English   Русский  

​Զելենսկին մտադիր է վերացնել կոռուպցիան, եթե դառնա Ուկրաինայի նախագահը


  
դիտումներ: 442

Ուկրաինացի շոումեն և դերասան Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե նախագահական ընտրություններում հաղթի, արմատախիլ կանի Ուկրաինայում կոռուպցիան և բոլորի համար, առանց բացառության, միանման կանոններ կսահմանի:

Ամանօրյա գիշերը Զելենսկին հայտարարել է ուկրաինական «1+1» հեռուստատեսության եթերում, որ մտադիր է մասնակցել Ուկրաինայում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ամբողջ կոռուպցիան կվերացնենք… Բոլորի համար նույն կանոնները կհաստատենք: Օրենքը մեզանում նույնն է բոլորի համար: Ինչպես իրավաբանական ֆակուլտետում են ինձ սովորեցրել, այնպես էլ կյանքում է: Բոլորի համար նույն կանոնները: Բացառություններ չկան»,- ասել է Զելենսկին այսօր «Ուկրաինսկայա պրավդա» թերթում հրապարակված հարցազրույցում:

Պետության ղեկավարի ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է Ուկրաինայում դեկտեմբերի 31-ին: Այդ օրն էլ սկսվել է թեկնածուների առաջադրումը և ԿԸՀ փաստաթղթերի հանձնումը գրանցման համար: Նախագահական վարկանիշի առաջատարը, ըստ սոցհարցումների արդյունքների, վերջին ամիսների ընթացքում մնում է «Բատկիվշչինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն, որն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: