Հայերեն   English   Русский  

Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անխուսափելի է և առանց նրա անհնար է հասնել համապարփակ կարգավորման.Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 422

Ֆրանսիայում բնակվող Huffington Post-ի հոդվածագիր, Եվրամիության և Փոքր Ասիայի հարցերով քաղաքական վերլուծաբան Լորան Լեյլեկիանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների մասին նշել է.

« Ես չեմ տեսնում որևէ ճեղքում բանակցություններում, քանի դեռ Մինսկի խումբը չի ստիպել կողմերին զիջումների գնալ...»:

Այսինքն ի՞նչ է ստացվում. Մինսկի խումբը կարո՞ղ է հակամարտող կողմերին ստիպել ինչ-որ զիջումների գնալ: Իսկ թե ունի ԵԱՀԿ Մինսկի խումբն այդօրինակ իրավունք և մի շարք այլ հարցերի մասին Vesti.am-ը խոսել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, Մինսկի խումբը կարո՞ղ է հակամարտող կողմերին ստիպել ինչ-որ զիջումների գնալ:

-Նման որակավորումներն առհասարակ ճիշտ չեն: Այդպիսի հայտարարություն կարող են անել շահախնդիր մոտեցման համար կամ պարզապես նյութին անծանոթ լինելով: Ինչո՞ւ պետք է Մինսկի խմբի համանախագահները «ստիպեն» ինչ-որ զիջումներ անել, չէ՞ որ նրանց ցանկությունն է հակամարտության կարգավորումը: Նրանք ցանկանում են խաղաղություն և որ կայունություն պահպանվի, քանի որ դրանք համամարդկային արժեքներ են և իհարկե դա բխում է այդ պետությունների ազգային շահերից ևս: Նրանք բազմիցս հայտարարել են՝ իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են և կողմերը սեփական կամքով պետք է գան ընդհանուր հայտարարի: Եթե «ստիպում են» պետք է լինի ինչ-որ շահ, այսինքն պետք է հասկանանք ինչի՞ համար ստիպել, հակամարտության կարգավորմա՞ն, թե՞...: Իսկ դա կնշանակի՝ ոչ թե կարգավորում , այլ պարտադրված որոշում: Իհարկե լավ կլինի, եթե կողմերը կամովին գան ընդհանուր հայտարարի, բայց դրան հասնելու համար դեռ երկար ջանք պետք է գործադրվի: Տեսանելի ապագայում դեռևս չի երևում համապարփակ կարգավորումը, բայց մյուս կողմից ոչ պակաս կարևոր խնդիր է խաղաղության և կայունության պահպանումը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչին նաև ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

- Կրկին անդրադառնանք Լորան Լեյլեկիանի մեկնաբանությանը: Վերլուծաբանը նշել էր. «ԼՂՀ բանակցային գործընթացում կա թափանցիկության պակաս»: Ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Թեև թեման շատ բարդ է, բայց չեմ կարծում, որ թափանցիկության պակաս կա: Թափանցիկության պակաս կզգացվեր այն դեպքում, եթե օրինակ իշխանությունները ժողովրդից թաքուն ինչ-որ բանակցություններ վարեն և ընդհանուր հայտարարի գան: Կամ, եթե միջնորդները ստիպեն, որպեսզի քաթաքուն պահվի բանակցությունների ընթացքը: Արցախի հարցում նման խնդիր չկա: Հնարավոր է ինչ-որ դետալներ լինեն, որոնք հրապարակման ենթական չլինեն, բայց դա այն դեպքում կլինի, երբ դեռ չի լինի վերջնական պայմանավորվածություն, ուստի ինչու՞ պետք է դրա մասին բարձրաձայնել: Նույն Ադրբեջանն այնքան թափանցիկ ձևով է իր դեստրուկտիվ քաղաքականությունը ներկայացում, որ կարիք չկա ինչ-որ բան քողարկել:

-Քաղաքագետների շրջանում ձևավորվում է այն կարծիքը, թե դժվար կլինի Արցախին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ: Ձեր կարծքիով, այնուամենայնիվ հնարավոր կլինի մոտ ապագայում տեսնել Հայաստան-Արցախ- Ադրբեջան բանակցությունները մեկ սեղանի շուրջ:

-Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անխուսափելի է և առանց նրա անհնար է հասնել համապարփակ կարգավորման: Այլ հարց է, որ սա բարդ խնդիր է և երկար ժամանակ ու ջանք է պահանջում: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա, բայց դա չի նշանակում, որ մենք ևս պետք է հակված լինենք այդ մտքին: Արցախն իհարկե մաս կկազմի բանակցություններին, բայց դրա համար դեռ ժամանակ է հարկավոր:

-Ի՞նչ կարող ենք կանխատեսել ԼՂՀ բանակցություններում մոտ ապագայում:

-Այս պահին կարող ենք կանխատեսել միայն խաղաղության և կայունության պահպանում: Ակնկալել, որ կլինի ինչ-որ բեկում, շատ ու շատ վաղաժամ է այդ մասին բան խոսել:

Հարցազրույցը վարեց Թամարա Աբրահամյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: