Հայերեն   English   Русский  

«Անկեղծ ասած շոկային վիճակում եմ». Ռուբեն Մելիքյանը՝ Մհեր Եղիազարյանի մահվան մասին


  
դիտումներ: 1158

Ինձ համար անհասկանալի և շատ զարմանալի է, որ մեր հանրային դիսկուրսում այս դեպքը տեղ չի զբաղեցրել, որի հետեւանքով տեղեկացված չենք եղել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ես նոր եմ իմացել, մեկ ժամ առաջ եմ իմացել, անկեղծ ասած շոկային վիճակում եմ, ինչպես շատերը։ Ինձ համար անհասկանալի և շատ զարմանալի է, որ մեր հանրային դիսկուրսում այս դեպքը տեղ չի զբաղեցրել, որի հետևանքով տեղեկացված չենք եղել։ Սա պետք է քննարկման առարկա դառնա։ Նման հանգամանքը անհրաժեշտություն է առաջացնում, որպեսզի անհապաղ պարզաբանումներ տան առաջին հերթին քննչական մարմինները, որոնք այս գործով զբաղվել են, որ հանրությունը պատկերացում կազմի, թե ինչ հիմքեր են եղել անձի նկատմամբ առաջին՝ քրեական հետապնդում իրականացնելու, 2–րդը միջնորդելու կալանքը որպես խափանման միջոց ընտրվի։ 3–րդը քրեակատարողական հիմնարկը ինչ միջոցներ է ձեռնարկել անձի անվտանգությունը ապահովելու համար»,– ասաց նա։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել խափանման միջոցի ընտրությանը և պարզել, թե արդյոք նպատակահարմար է խափանման միջոց կալանքը ընտրելուն։

«Խոսքը վերաբերում է գույքային, սեփականության դեմ ուղղված հանցագործության մեջ մեղադրվող անձին։ Մեր մոտ կալանքները չափազանց շատ են կիրառվում։ Պետք է վերջ տալ այս արատավոր պրակտիկային՝ այսքան շատ կալանավորումներ կիրառելուն»,– ասաց նա։

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Անկախին հայտնել են, որ ժամը 06:15-ի սահմաններում, կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի (մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: