Հայերեն   English   Русский  

​Ես սպասում եմ իմ զինվորին...


  
դիտումներ: 5875

«Մենք բոլորս էլ հպարտանում ենք մեր զինվորներով, ու հպարտությունն ավելի է կրկնապատկվում, երբ գիտես՝ հազարավոր զինվորների մեջ կա մեկը, որ քոնն է և քո հանգիստ քունն է հսկում, ում սիրտը քեզ համար է բաբախում»,

«Եվս 365 օր, և վերջ թաց աչքերով գիշերը լուսացնելուն... Իմ կարոտը քո անունն ունի, Զինվորս...», «Ամեն անգամ իմ զինվորի զանգից սիրտս սկսում է ավելի արագ աշխատել», «Չկա ոչինչ ավելի գեղեցիկ, քան զինվորին տեսնել երջանիկ մոր գրկում», «Վերջ. այսօր լրացավ մեծ զինվորիս ծառայության երկու տարին... Ու թող ամեն զինվոր անփորձանք ծառայի և վերադառնա տուն...»: Այս և նման հազարավոր այլ գրառումների կան «Ես սպասում եմ իմ զինվորին» ֆեյսբուքյան խմբում, որի գրեթե 20.000 անդամները զինվորներ են, նրանց հարազատները, սիրած աղջիկները, ընկերներն ու պարզապես մեր բանակի կյանքով հետաքրքրվող մարդիկ: Ուստի պատահական չէ, որ հունվարի 28-ին նշվող Հայոց բանակի օրվան համահունչ որոշեցինք զրուցել նույն այս խմբի հիմնադիր ադմինիստրատոր Մելինե Ենոքյանի և նախկին ադմինիստրատոր Տաթև Կոստանյանի հետ:

Մելինեն պատմում է, որ խումբը ստեղծելու գաղափարն ունեցել է հինգ տարի առաջ, երբ ընկերոջը բանակ է ճանապարհել: «Ապրումներս ու զգացումներս միայնակ հաղթահարելը շատ դժվար էր, ուզում էի լիներ մի տիրույթ, որտեղ կհավաքվեին իմ սպասումները կիսող, իրար հասկացող մարդիկ: Եվ ստեղծեցի խումբը՝ որպես խորագիր ընտրելով մտքիս եկած առաջին նախադասությունը: Այս հարթակում շատ ակտիվ եղել եմ հենց իմ զինվորի ծառայության տարիներին՝ 2014-2016 թթ, քանի որ այդ ժամանակ ավելի անկեղծ ես լինում, անընդհատ ցանկանում ինչ-որ ուրախ գրառում անել:

Ասում են՝ հեռավորությունն ու ժամանակը կարող են բաժանման պատճառ դառնալ, բայց մեր դեպքում հակառակը եղավ, ու մինչ օրս, երբ արդեն ամուսիններ ենք, մեր հարաբերությունները շարունակում ենք զարգացնել այն ամուր հիմքի վրա, որ կառուցել ենք բանակային ծառայության երկու տարիներին՝ սովորելով հանդուժել, սպասել, դիմանալ և պայքարել: Հիմա կարոտի զգացումը մնացել է անցյալում, և այս պահին ավելի շատ կողքից եմ հետևում խմբին: Շարունակելով լինել ադմինիստրատոր՝ օգնականներ եմ ընտրել այն անդամներից, որոնք այժմ զինվոր ունեն բանակում: Սկզբում չէի էլ պատկերացնում, որ խումբը այսպիսի մեծ լսարան կունենա: Սրտի թրթիռով եմ ասում՝ շատերը նույնիսկ հենց այս խմբի շնորհիվ գտան իրենց ընտրյալներին: Այս տարիների ընթացքում քսանից ավելի զույգեր են ձևավորվել: Անգամ մեր խմբի միջոցով ծանոթացած, հետագայում ամուսնացած մի զույգի բալիկ ծնվեց մի քանի օր առաջ: Մեկ այլ զույգի առաջնեկ լույս աշխարհ կգա մարտին: Եվ այս ամենը չափազանց ուրախալի ու պարտավորեցնող է ինձ համար:

Չեմ մոռանում՝ ինչպես 17 տարեկան ինքնամփոփ աղջնակս, ոչ մեկի հետ չկարողանալով կիսել ապրումները, խմբի ներսում գտավ ոչ միայն սփոփանք, այլև հոգեհարազատ ընկերներ, որոնց հետ այսօր շփվում ենք նաև իրական կյանքում: Հատկապես ուզում եմ առանձնացել Տաթևին, որ ի սկզբանե աչքի էր ընկնում աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու տաղանդով, և ում մուտքով մեր խումբը պարզապես լուսավորվեց: Ժամանակին թույլատրում էինք՝ զոհված տղաների լուսանկարներ տեղադրվեն, արվեն տխուր գրառումներ, բայց Տաթևը օրենք սահմանեց, որ խմբում ոչ մի թախծոտ գրառում չպիտի լինի մեր բանակի ու զինվորների մասին:

Հիմա մեր էջում տիրապետող են մաղթանքները, շնորհավորանքները, սիրառատ նկարները, ոգևորող թեմատիկ մրցույթները՝ ի նպաստ միմյանց հոգեբանորեն աջակցելուն: Այս ամենի համար հաճախ հենց մեր զինվոր տղաներից ենք շնորհակալական նամակներ ստանում:

Մեր խումբը մյուս ֆեյսբուքյան խմբերից տարբերվում է հատկապես նրանով, որ առնչվելով զինվորական կյանքին, չենք կարող մեզ թույլ տալ չստուգված կամ սխալ գրառումներ, կանոններից դուրս նկարներ, ինչը կարող է խնդիրների հանգեցնել:

Չեմ կարող թաքցնել, որ վրիպումներ էլ ենք ունեցել, բայց և մեր կողքին եղել են սրտացավ մարդիկ, որոնց խորհուրդների շնորհիվ այսօր արդեն ունենք մշակված կանոնակարգ, որով էլ հենց առաջնորդվում ենք՝ զվարթացնելով, հուսադրելով, ուժ և կորով փոխանցելով մեր խմբի զինվորներին ու նրանց հարազատներին: Դրա համար, ի հեճուկս բոլոր դժվարությունների, որոշել եմ երբեք չփակել խումբը: Անգամ առաջիկա ամիսներին կրկին կակտիվանամ, որովհետև եղբայրս պիտի մեկնի ծառայության:

Ի դեպ նշեմ, որ զինվորներին առնչվող այլ ֆեսբուքյան խմբեր ևս կան, պարզապես մենք, ի տարբերություն մյուսների, որտեղ հիմնականում ադմինիստրատորներն են գրառումներ անում, մեր բոլոր անդամներին հնարավորություն ենք տալիս արտահայտվել ոչ միայն մեկնաբանություններում, այլ հենց գրառումների տեսքով»

Մելինեի հետ զրույցը եզրափակեցինք՝ հայ զինվորին ուղղված տոնական մաղթանքով. «Ես ամեն անգամ հպարտությամբ եմ լցվում զինվոր բառն արտաբերելիս: Հայ զինվորը տարբերվում է մյուսներից իր պայքարի ոգով, աննկուն կամքով, անվախությամբ: Եվ հենց այս հատկանիշներն են օգնում հաղթահարել այն թերությունները, որ դեռևս կան մեր բանակում: Իմ մեծ ցանկությունն է ունենալ բանակ՝ առանց գոնե ներքին խնդիրների: Ի վերջո, հայրենասիրություն կոչվածը սկսվում է սահմանից և ավարտվում մեզնից յուրաքանչյուրի հոգում: Ես զինվոր ունեցող մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ մեծ համբերություն, լավատեսություն, հրաշքների հավատալու ունակություն և անսասան հավատք առ Աստված»:

Տաթևի հետ արդեն մեր զրույցը պիտի պտտվեր ոչ միայն «Ես սպասում եմ իմ զինվորին» խմբի, այլև նրա նոր լույս տեսած գրքի շուրջ՝ «731 օր առանց քեզ» խորագրով, որ կրկին շատ համահունչ է Հայոց բանակի օրվան:

Տաթևը ոգևորությամբ է պատմում, որ խմբում հայտնվել է 2014-ի հունվարին՝ առանց որևէ զինվոր հարազատ ունենալու: Նա շատ շուտով նկատվել և նշանակվել է խմբի ադմինիստրատոր: «Ճիշտ է, սկզբում ամեն ինչ շատ բարդ էր, բայց ժամանակի ընթացքում խումբը դարձավ իմ ընտանիքը՝ թանկ ու հարազատ: Այստեղ հնարավորություն ունես կիսվելու քո մտքերով ու զգացմունքներով՝ միասին սպասելով և միմյանց ուժ փոխանցելով:

Ինձ համար ի սկզբանե շատ կարևոր է եղել, որ խմբում տեղադրված նյութերն անպայման ժպիտ ու լույս տարածեն, որովհետև ցանկացած զինվորի հետ կապված տխուր լուրը բացասաբար է անդրադառնում մյուս զինվորների հարազատների վրա՝ անընդհատ պահելով վախի մթնոլորտում:

Ինքս միշտ հիացմունքով էի նայում զինվոր ունեցողներին: Եվ հենց այն պահին, երբ չէի սպասում, որ կհանդիպեմ այնպիսի մեկի, ով ծառայում է հայոց բանակում, հայտնվեց իմ սիրած էակը, որ հենց խմբից էր ինձ ճանաչել, հատկապես այդտեղ պարբերաբար դրվող իմ ապագա գրքի հատվածներն էին նրան գրավել:

Ընդամենը մի քանի օր է, ինչ նա այլևս զինվոր չէ, բայց մենք հասցրեցինք յոթ ամիս միասին ծառայել: Եվ ես հասկացա՝ այն, ինչ գրել եմ գրքում՝ առանց ինչ-որ մեկին սիրելու, առանց զինվոր ունենալու, իրականությանը շատ մոտ է եղել», - անկեղծանում է Տաթևը և անցում կատարում իր գրքին. «Այն սկսել եմ գրել 2016-ի հուլիսի 31-ից: Այդ օրն անգամ գրքի վերնագիրն ու շապիկի տեսքն եմ որոշել: Ավարտին եմ հասցրել 2017-ի սկզբին:

Բայց հետագայում, անձնական կյանքումս տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված, այն հատվածներում, որտեղ նկարագրվում են իր զինվորին սպասող աղջկա ապրումները, որոշակի փոփոխություններ եմ արել: Ինչ վերաբերում է ընդհանուր սյուժեին, միայն ասեմ՝ սա պատմություն է 2014-2016 թթ բանակ զորակոչված երիտասարդի մասին, որ մասնակցում է նաև Ապրիլյան պատերազմին: Ինչ-որ մեկի կյանքից չեմ օգտվել, բայց ազդեցություններ կրել եմ այն զույգերի ապրումներից, ում հետ շփվել եմ:

Ընդհանրապես խումբը շատ է օգնել գրելիս: Օգնել է իմ ամենահուսահատ պահերին: Բանակային կյանքին համահունչ երկու տարվա փորձություններից հետո, որ անցել ենք ես ու գիրքս, ի վերջո, ամեն ինչ գլուխ եմ բերել հատկապես ընտանիքիս աջակցության շնորհիվ: Այդքանից հետո որպես գրքի շնորհանդեսի օր պատկերացնում էի միայն հունվարի 28-ը, ինչն ի սկզբանե էլ եղել է մտքումս:

Սկզբում մտածում էի՝ գիրքը պետք կգա այն աղջիկներին, որոնք սպասում են իրենց զինվորներին, բայց հետո հասկացա՝ այն նաև բանակում ծառայող զինվորների համար է, որ կարդան ու հասկանան՝ մենակ չեն, ու անկախ նրանից՝ ունեն արդյոք սիրած աղջիկ, թե ոչ, մեկ է, բոլորս սպասում ենք նրանց:

Գրքում ոգևորող հատվածներ կան նաև զինվորների ծնողների համար: Անհամբեր սպասում եմ գրքի շնորհանդեսին, որովհետև նախ կտեսնեմ այն բոլոր մարդկանց, որոնք ինձ հետ հավասար սպասել են գրքի ծնունդին, ապա դրանից հետո հնարավորություն կունենամ լսելու կարծիքներ ոչ թե այն փոքրիկ հատվածների մասին, որ պարբերաբար դնում էի համացանցում, այլ՝ ողջ գրքի »:

Հայոց բանակի և հայ զինվորի մասին Տաթևը մի առանձնակի ոգևորությամբ է խոսում՝ խոստովանելով, որ դեռ շատ փոքր տարիքից զինվորական կանաչը տեսնելիս սիրտը թրթռացել է հպարտությունից: Չունենալով եղբայր, որ կծառայեր հայոց բանակում՝ Տաթևը միշտ պարտքի զգացում է ունեցել՝ ինչ-որ կերպ այդ բացը լրացնելու: Եվ հենց այդտեղ է ծագել գրքի գաղափարը՝ ի նշան շնորհակալության: Նրա համար հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ և չի անհետանում անգամ մահից հետո. Այն, ինչ արել ես հայրենիքիդ համար, փոխանցվում է հաջորդ սերունդներին: Ինչ վերաբերում է ներկայիս հայոց բանակին, Տաթևը համոզված է՝ ամեն տեղ էլ խնդիրներ ու դժգոհություններ կան, նույնը նաև մեր բանակում, բայց միմյանց հանդեպ (լինի շարքային, թե սպա) հանդուրժող, ընկերական վերաբերմունքը կհանգեցնի դրական փոփոխությունների, ինչն այնքան տեսանելի էր 2016-ի ապրիլին և դրան հաջորդող ամիսներին:

Տաթևի միակ ցանկությունն է, որ տարիների ընթացքում ավելանան խաղաղ ապրելու հայ մարդու հնարավորությունները, քանի որ լիակատար խաղաղության մասին մտածելն անգամ անիմաստ է: Թեմայի շուրջ մտորումները նա ավարտեց իր գրքի հետևյալ հատվածով. «Կռվում զոհված Զինվորին հավասար Հերոս է նաև այդ կռվում մահին հաղթածը: Մերօրյա Հերոսներն այնքա՜ն շատ են: Ու Հերոս են բոլորը. հենց այս պահին սահմանին կանգնած Տղերքն ու այն բոլոր Զինվորները, որ վերջերս են զորացրվել...»:

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: