Ի՞նչ ընթացակարգերով են կատարվում գնումները
Օրենքի համաձայն` գնումը պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:
Նույն Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` գնում կատարելու ընթացակարգերն են`
1) բաց ընթացակարգ,
2) մրցակցային երկխոսության,
3) սահմանափակ ընթացակարգ,
4) բանակցային ընթացակարգ:
Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:
Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր: Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:
Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:
Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:
Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:
Սահմանափակ ընթացակարգի դեպքում`
1) բանակցություններ չեն կազմակերպվում,
2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակի հայտարարման պահից:
Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն պայմանագրի պայմանների շուրջ բանակցում է նախապես որակավորված մասնակիցների հետ և կնքում պայմանագիր:
Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`
1) գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կամ
2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`
1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով,
2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ