Հայերեն   English   Русский  

​Տալլինը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում խորհրդային օկուպացիայի վնասների դիմաց


  
դիտումներ: 517

Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն առաջադրել է Ռուսաստանի կողմից փոխհատուցման հարցը խորհրդային օկուպացիայի հասցրած վնասների դիմաց: Նրա խոսքով՝ Մոսկվան խախտել է Տարտուի պայմանագիրը և պետք է հատուցի իր պատճառած վնասների համար:

Երեկ Էստոնիան նշեց 1920 թ. ՌՍՖՍՌ-ի հետ կնքած Տարտուի հաշտության պայմանագրի 99-րդ տարեդարձը, որը 1918-1920 թթ. Ազատագրական պատերազմի արդյունքների հանրագումարն էր: Այդ պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը փաստացի դարձավ առաջին պետությունն աշխարհում, որը ճանաչեց Էստոնիայի անկախությունը, նաև որոշվեց սահմանը երկու երկրների միջև:

«Նրանք, ովքեր տոնական ճառեր են ասում Տարտույան խաղաղության կարևորության վերաբերյալ, չպետք է մոռանան, որ իրավահաջորդությունը չի կարող ընտրողաբար լինել: Խորհրդային Միությունը օկուպացրել է Էստոնիան՝ խախտելով հենց Տարտուի պայմանագիրը: Նրա իրավահաջորդ Ռուսաստանը պետք է ընդունի դա, և փաստորեն նա, ելնելով միջազգային իրավունքից, պարտավոր է փոխհատուցել պատճառած վնասը»,- ասել է նախարարը Eesti Paevaleht պարբերականին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Էստոնիայի արդարադատության նախարարությունում ստեղծված հանձնաժողովը հաշվել է, որ խորհրդային օկուպացիայի վնասը կազմում է ավելի քան 90 մլրդ ռուբլի, որ ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 1,2 մլրդ եվրո:

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Մերձբալթիկայի միացումը ԽՍՀՄ-ին դիտարկում է որպես համապատասխանող այն ժամանակի միջազգային իրավունքի նորմերին: Ըստ այդ գերատեսչության՝ «օկուպացիա» եզրն այս դեպքում չի կարող օգտագործվել, քանի որ Խորհրդային Միության և մերձբալթյան պետությունների միջև մարտական գործողություններ չեն եղել, իսկ զորքերը մտցվել են այդ հանրապետությունների հետ պայմանագրերի և նրանց հստակ համաձայնության պայմաններում: Բացի այդ, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Խորհրդային Միության կազմում լինելու ողջ ընթացքում (բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի օկուպացիայի ժամանակից) գործել են իշխանության ազգային մարմինները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: