Հայերեն   English   Русский  

Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ. ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ. Գրիգորի Մարտիրոսյան


  
դիտումներ: 633

Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ. ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Ինչպես հիշում եք, անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի գործընթացի մասին, որի համաձայն՝ բանկի կողմից սահմանված որոշակի պայմանների կատարման դեպքում, կզիջվեն ֆիզիկական և առանձին բանկերի պարագայում նաև իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները:

Ամփոփելով 2018թ. այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները՝ հայտնում եմ, որ Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ. ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ (համապատասխանաբար՝ մոտ 169 մլն․ և մոտ 42 մլն․ դրամ)։

Նշվածը որակելով որպես կարևոր գործընթաց՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի կառավարությունը խստագույնս հարգում է բանկային համակարգի լինելիության և անկախության դերը երկրի ֆինանսատնտեսական զարգացման գործում։ Շնորհակալ ենք այս սեկտորի մեր գործընկերներին կառավարության առաջարկին ականջալուր լինելու և խոսքի առարկա տույժ-տուգանքների ներման համար։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր քաղաքացիներին բանկային և վարկային կազմակերպությունների հետ իրավահարաբերվելիս, այդ թվում՝ վարկային կամ այլ պարտավորություններ ստանձնելիս ցուցաբերել ավելի մեծ շրջահայացություն և սոցիալական ինքնապատասխանատվություն»,-գրել է Արցախի պետնախարարը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: