Հայերեն   English   Русский  

Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները. Պատճառը ավիաընկերության սնանկացումն է


  
դիտումներ: 432

Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին:

Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: Այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջում:

«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գերմանական Germania ավիաընկերությունը եւ նրա Germania Technik Brandenburg, Germania Flugdienste դուստր ընկերությունները Բեռլինի դատարանում հայտարարել են սնանկացման մասին։

Ավիափոխադրողը սնանկ ճանաչվելու անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ անցած տարվա ամռանը կտրուկ բարձրացել են կերոսինի գները, միաժամանակ իջել է եվրոյի փոխարժեքը դոլարի հանդեպ, բացի այդ՝ ինքնաթիռների մատակարարման լուրջ դանդաղումներ են եղել, իսկ ընկերության ավիապարկը տեխնիկական ծառայությունների կարիք ուներ։

Ավիաընկերությունը 15 մլն եվրոյի կարիք ունի, հունվարին ֆինանսական խնդիրների պատճառով այն չի կարողացել վճարել 1,1 հազար աշխատակիցների աշխատավարձը։ Ընկերությունն ընդամենը 37 ինքնաթիռ ունի, կատարում է չվերթներ Դյուսելդորֆից եւ Մյունսթերից։ Շուկայից անցած տարի Air Berlin-ի հեռանալու ֆոնին Germania-ն ավելացրել էր չվերթների թիվը գրեթե 40 տոկոսով, ինչպես նաեւ նախատեսում էր նոր գլխավոր գրասենյակ կառուցել «Բեռլին-Բրանդենբուրգ» նոր օդանավակայանի շրջանում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: