Հայերեն   English   Русский  

​ Արամի 23-ի վերականգնման պայմանագիր է ստորագրվել


  
դիտումներ: 476

Երևանի քաղաքապետարանում փետրվարի 8-ին ստորագրվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման,

վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ պայմանագիրը: Ինչպես հաղորդում են քաղապետարանի մամուլի ծառայությունից, պայմանագրի կողմերն են «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:

Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին: Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվերստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը դեռևս 2018-ի օգոստոսից ահազանգում էր, որ Արամի 23 շենքը «Հին Երևան» նախագծի շինաշխատանքների հետևանքով հայտնվել է փլուզման եզրին։

Հարակից տարածքում փորված փոսորակի հետևանքով՝ պատմամշակութային շենքի պատերին հայտնվել էին ճաքեր, որոնք գնալով՝ մեծանում էին։

Պատկան մարմինները՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մշակույթի նախարարությունը, հայտարարեցին, որ քայլեր են իրականացվելու շենքն ամրակայելու ուղղությամբ։

Սակայն հունվարի 11-ին հուշարձանի շենքի պատը փլվեց։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենք շենքը վերականգելու հարցում իրավասություն չունեին։

Պատի փլուզումից հետո Տիգրան Հեքեքյանը հայտարարեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել Արամի 23-ը վերականգնելու մասին։

Արամի 23-ը ներառված է «Հին Երևան» նախագծի մեջ, որը նախատեսվում է իրականացնել Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: