Հայերեն   English   Русский  

Brexit-ին հաշված օրեր են մնացել, իսկ համաձայնագիր դեռ չկա


  
դիտումներ: 1504

Brexit-ին հաշված օրեր են մնացել, իսկ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանները դեռևս հստակեցված չեն։

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ քիչ հավանական է, որ այս սեղմ ժամկետում կողմերը կարողանան համաձայնության գալ։ Իսկ առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը ձեռնտու չէ ոչ Միացյալ Թագավորությանը, ոչ էլ ԵՄ-ին։ Անգամ առանց կոշտ brexit-ի Մեծ Բրիտանիայի տնտեսությունը դանդաղել է․ գործարար աշխարհը սպասում է հետագա զարգացումներին։

Վատագույն սցենարին է պատրաստվում նաև բրիտանական կառավարությունը, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, գործողությունների գաղտնի ծրագիր են մշակում, որով պետք է առաջնորդվեն կոշտ brexit-ի պարագայում։

Brexit-ի շուրջ համաձայնագրի քվեարկությունը հետաձգվել է

Այս շաբաթվա ընթացքում նախատեսված համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում չի կայանա։ Նախորդ քվեարկությունից հետո, երբ Համայնքների պալատը մերժեց Թերեզա Մեյի ներկայացրած համաձայնագիրը ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ, բանակցությունները ԵՄ-ի հետ գրեթե փակուղային վիճակում են եղել։ ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը կայանալիք քվեարկության նախօրեին նոր փաթեթ չունի, որը կարող է ներկայացնելխորհրդարանականներին։ Ուստի նա խնդրել է իրեն լրացուցիչ ժամանակ տալ՝ ԵՄ-իհետ բանակցությունների համար։

«Սա որոշիչ փուլ է և մենք բոլորս մեզ զուսպ պահելու կարիք ունենք, որ ժամանակին brexit-ի շուրջ համաձայնության գանք։ Կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության հասնել, որին կաջակցի Համայնքների պալատը։ Խորհրդարանի դերը հաջորդ փուլում զգալի է լինելու։ Սակայն նախ և առաջ մենք backstop-ի համար երաշխիքներ պետք է ստանանք»,- հայտարարել է Մեյը։

Նշենք, որ այս քվեարկությունը ձախողելուց հետո brexit-ի հարցում լիազորությունները մեծամասամբ կանցնեն խորհրդարանին։

Մեյի գխլավոր ընդդիմախոսը՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը նշել է, որ դժգոհ է մնացել վարչապետի ելույթից, քանի որ նա չի պատասխանել օրակարգային կարևոր հարցերին։ «Մեր երկիրն ապրում է այս սերնդի ամենամեծ ճգնաժամը, և չնայած դրան վարչապետը շարունակում է անխելամտորեն ժամանակը ձգձգել»,- ասել է Կորբինը։

Backstop մեխանիզմը մշակվել է ԵՄ-ի կողմից՝ բացառելու ֆիզիկական սահմանի առկայությունը Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև։

Ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին բանակցություններ

Թերեզա Մեյը ստիպված է բանակցել երկու ճակատով՝ ներքին և արտաքին։ ԵՄ-ի հետ բանակցություններին զուգահեռ նա նաև բանակցում է ընդդմիության ղեկավարի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի հետ։ Երկու քաղաքական գործիչները նաև միմյանց ուղղված ուղերձներով ու բաց ամակներով են շփվում։ Իր հայտարարությունում Մեյը կարևորել է, որ երկու քաղաքական գործիչներով էլ համամիտ են, որ ՄԹ-ն ԵՄ-ն պետք է լքի համաձայնագրով և որ ներկայում գլխավորն է այնպիսի համաձայնության գալը, որը չի հանգեցնի նոր ընտրությունների կամ հանրաքվեի անցկացմանը, բայց նաև հավանության կարժանանա խորհրդարանի կողմից և խնդիրներ չի առաջացնի Հյուսիսային Իռլանդիայի համար։ Մեյի այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես հաշտության կոչ, քանի որ նա ուղիղ կերպով չի ժխտում ընդդմիության պահանջներից և ոչ մեկը, բացառությամբ ԵՄ Մաքսային միության անդամ մնալու դրույթը։ Աշխատողների իրավունքների և բնապահպանության առումով Մեյը խոստացել է, որ կհետևեն ԵՄ օրենքներին, սակայն ավտոմատ կերպով չեն կրկնի այնտեղ տեղի ունեցած յուրաքանչյուր օրենսդրական փոփոխություն։

Մեյը նաև հույս է հայտնել, որ երկու կուսակցություններով կկարողանան մշակել Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի այլընտրանքային մեխանիզմներ։ Վերլուծաբանները, սակայն, Մեյի լավատեսություն չեն կիսում՝ կասկած հայտնելով, որ վարչապետն ու ընդդմիության առաջնորդը համաձայնության կգան։

Թերեզա մեյը հրաժարակա՞ն կտա

ՄԹ կառավարության անդամների շրջանում համոզմունք կա, որ շուտով Թերեզա Մեյը հրաժարական կտա։ Որպես հավանական ժամկետ նշվում է ամառը։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ նախարարները նման եզրակացության են եկել Թերեզա Մեյի ակնարկներից։

«նա որոշել է վստահանալ, որ իրեն կփոխարինի ճիշտ մարդ, եթե բանը հասնի նրան, որ իրեն սկսեն դուրս մղել»,- ասել է նախարարներից մեկը։

Ըստ լուրերի՝ Մեյը պատրաստվում է պաշտոնաթող լինել brexit-ի համաձայնագիրը կնքելուց հետո։ Նման մտադրությունը մեկնաբանվում է որպես ԱԳ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի՝ իշխանության գալը կանխելու փորձ։

Ավելի վաղ Մեյը հայտարարել էր, որ 2022-ի խորհրդարանական ընտրություններում չի ղեկավարելու Պահպանողական կուսակցությունը և հրաժարական կտա։

Եվրոպացիների համբերությունը սպառվում է

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է․ «Ինձ հետաքրքիր է, թե ինչպիսին է դժոխքի այն հատուկ վայրը, որը նախատեսված է այն անձանց համար, որոնք կողմ էին brexit-ին առանց մի փոքր իսկ պատկերացման կամ ծրագրի, թե ինչպես են այն անվտանգ իրագործելու»։

Տուսկի այս հայտարարությունն առաջացրել է բրիտանացի խորհրդարանականների զայրույթը, որոնք կողմ են brexit-ին։

Տուսկը նաև հայտարարել է, թե գիտի, որ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում շատ են մարդիկ, որոնք կուզենային, որ brexit-ի որոշումը չեղարկվեր։ «Իմ սիրտը ձեզ հետ է։ Սակայն փաստերը երկիմաստության տեղիք չեն տալիս։ Ներկայում ՄԹ վարչապետը և ընդդիմության ղեկավարը կողմ են brexit-ին։ Մինչդեռ ԵՄ-ի անդամակցության կողմնակիցների շարժումը լուրջ քաղաքական կշիռ և արդյունավետ ղեկավարություն չունի։ Սա ասում եմ առանց էնտուզիազմի։ Սակայն փաստերի հետ չես վիճի»,- ասել է նա։

Վերլուծաբանները, մեկնաբանելով Տուսկի հայտարարությունը, նշում են, որ այն նախ և առաջ արտահայտում է եվրոպական քաղաքական գործիչների բարկությունը ստեղծված իրավիճակով։ Բացի այդ, այն նաև անուղղակի ուղերձ է Թերեզա Մեյին՝ Իռլանդիայի հետ սահմանով առևտրաշրջանառության կարգավորման առանձին առաջարկ ներկայացնելու վերաբերյալ։

Չնայած մասնագետների նման մեկնաբանությանը՝ եվրոպացի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ իրենք հնարավոր ամեն զիջման արդեն իսկ գնացել են ու brexit-ի առումով այլևս որևէ զիջման չեն պատրաստվում դիմել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: