Հայերեն   English   Русский  

​«Արդյունքներ չեն գրանցվում, ոգևորությունը գահավիժում է, և դա փորձում են կոմպենսացնել ամպագոռգոռ հայտարարություններով». Հ.Մեսրոբյան


  
դիտումներ: 2542

«Անկախի» զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Հարություն Մեսրոբյանը։

- Պարոն Մեսրոբյան, խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը, հնչեցին բազմաթիվ քննադատություններ, որ այն հռչակագրային է, վերացական, չկան կոնկրետ թվեր ու գործողությունների պլան և այլն։ Ինչպիսի՞ն է ծրագիրը Ձեր դիտանկյունից։

- Ներկայացված փաստաթուղթը, կառավարման իմատով, ծրագիր չէ։ Բազմիցս ասել եմ, որ ծրագիրը պետք է ունենա մի քանի պարտադիր մասեր. նախաբանում պետք է նկարագրված լինի, թե ինչ կարգի պետություն ենք ուզում կառուցել, որոշակի ընդհանրական, բայց հստակ ձևակերպված որակական բնութագրիչներով, ինչից էլ բխում են ծրագրային դրույթները։ Պարզ մի օրինակ. մենք ձգտելո՞ւ ենք լինել գոնե տարածաշրջանային ազդեցիկ գործոն, թե ոչ։ Եթե այո, ապա դրան համապատասխան շեշտը, մասնավորապես, պետք է դրվի բարձր տեխնոլոգիական ռազմական արդյունաբերության զարգացման, երկրորդ ատոմակայանի և ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների արագ կառուցման վրա, այդ թվում` Իրանի հետ երկաթգիծը։

Փաստորեն, առաջին հարցից նաև բխում է, թե որ ոլորտներն են դառնալու գերակա։ Իսկ գերակա դարձած ոլորտներն, իրենց հերթին, պետք է ունենան եռամսյակային կտրվածքով մարտավարական քայլերի ճանապարհային քարտեզ, իր քանակական ցուցանիշներով։ Դա նշանակում է, որ ամեն ոլորտի համար պետք է ամրագրված լինի ի պաշտոնե գլխով պատասխանատու անձ, որպեսզի հայտնի լինի, թե այս կամ այն եռամսյակի փուլում տվյալ գերակա ուղղության տապալման պատասխանատուն ինչպիսի և ինչ չափով կրելու է անձնական պատասխանատվությունը և այլն։

- Մեր պետական կառավարման համակարգում առհասարակ պատասխանատվության ինստիտուտ գոյություն ունի՞։

- Չկա և քանի դեռ չկա, ցանկացած ծրագիր օդում կկախվի։ Եվս մի կարևոր փաստաթուղթ անհրաժեշտ է մշակել, բայց արդեն ծրագրի հավելվածի տեսքով, որպեսզի չծանրաբեռնվի բուն ծրագիրը, և որտեղ պետք է գրված լինի, թե ինչպես, ինչ մեխանիզմներով են իրականացվելու կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ քայլերը։ Կարճ ասած` կառավարության ծրագիրը երկրի այն հիմնարար փաստաթուղթն է, որտեղից բոլորն իմանանալու են և՛ խաղի կանոնները մեխանիզմների տեսքով, և՛ պատասխանատուներին, և՛ չափելի միջանկյալ արդյունքները, որպեսզի արդեն իսկ իրագործման փուլում հասկանալի դառնա՝ ծրագիրը տապալման ուղղությա՞մբ է գնում, թե կատարման։

- Այնուամենայնիվ, ներկայացված փաստաթղթում կարո՞ղ եք մատնանշել կետեր, որոնք Ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն։

- Կրկնում եմ՝ քանի որ ներկայացված փաստաթուղթը, կառավարման իմաստով, ծրագիր չէ, ես չեմ կարող ուղղակի գնահատական տալ։ Այն տարբեր հաջող և անհաջող մտքերի հավաքածու է։ Օրինակ, շատ հաջող միտք է հարկային օրենսդրությունը պարզեցնելը, քանի որ երբ հարկային օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը բարդ են, իրականության մեջ, փաստացի շեշտը դրվում է տուգանքների միջոցով բյուջեն համալրելու վրա, և հարկատուները փորձում են փախչել օրենսդրական դաշտից։ Արդյունքում ամբողջությամբ հարկերը վճարող հարկատուների թիվը նվազում է, իսկ հարկային օրեսդրության պարզեցումը, հարկային բեռի որոշակի թեթևացմամբ, ընդլայնում է հարկատուների թիվը և նպաստում հարկերի վճարման մշակույթի արմատացմանը, ինչը Հայաստանի կայուն զարգացման իմաստով հույժ կարևոր է։

- Պարոն Մեսրոբյան, մեր վերջին զրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, Դուք նշեցիք, որ նոր իշխանությունների գործունեությանը խորքային և օբյեկտիվ գնահատական հնարավոր կլինի տալ, երբ իշխող ուժը հաղթի խորհրդարանական ընտրություններում և ձևավորի նոր կառավարություն։ Կարո՞ղ եք արդեն հնչեցնել Ձեր գնահատականը։

- Եթե զուգահեռներ անցկացնենք 1991 թվականի և ներկա իշխանության միջև, ապա այն ժամանակ էլ մեծ ոգևորությամբ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Բայց այն ժամանակ հիմքում դրված էին դեպի ապագա միտված ազգային սպասումները, իսկ վերջին ընդվզումը՝ հիմնականում դեպի անցյալ միտված նախորդ իշխանությունների գործունեությունը։

Քանի որ 90-ականներին ազգային ակունքն ուժեղ էր, հիասթափության փուլը տևեց մի քանի տարի, ընդ որում այն դեպքում, երբ շատ արագ եկան ցուրտ ու մութ տարիները։ Այս անգամ ոգևորությունը շատ ավելի կարճ տևեց, հերիք էր, որ պետության իշխանության օրենսդրական թևում չընտրվեց ՀՀԿ-ն։ 90-ականներին մարդկանց հայացքը դեպի ապագա էր ուղղված, այս անգամ ավելի շատ դեպի անցյալը, և երբ անցյալի ուժերը հեռացան խորհրդարանից, նոր եկածների թիվ մեկ թիրախը պետք է լիներ հետևյալը` արագ լուծել 10-20 հրատապ, բայց համեմատաբար հեշտ լուծվող հարցեր, որպեսզի կարողանային անխուսափելի հիասթափության վտանգավոր պահը շրջանցել։ Եթե որոշ արդյունքներ լինեին, մարդիկ կհասկանային, որ նոր ուժն արդյունք տվող ուժ է, իսկ մնացած հարցերի համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց այս առումով ներկա իշխանությունները կոպիտ սխալ թույլ տվեցին․ 10-20 հրատապ, բայց համեմատաբար հեշտ լուծվող հարցերը հիմնականում գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ շոշափելի ու տեսանելի արդյունքներն ավելի շատ են։ Բայց կատարվեց հակառակը, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ավելորդ լարվածություն առաջացավ ամենամեծ ուշադրության տակ գտնվող՝ հենց Երևանի քաղաքապետարանի վատ աշխատանքի պատճառով` թանկ տոնածառ, ամանօրյա անմխիթար աղբահանություն, Արամի 23-ի պատի փլուզում և նման մի քանի հարցեր։

Արդյունքում` ժողովուրդը տեսավ, որ նախորդ իշխանությունները չկան, բայց խնդիրները չեն լուծվում, ոչ ոք նշված տապալումների համար անձնական պատասխանատվություն չի կրում, ավելին` վրա հասավ պարգևատրումների չարաբաստիկ ալիքը։ Իսկ դա արդեն նաև բարոյականության հարց է, քանի որ մի քանի ամիս աշխատող պարգևատրվածների ստվար բանակից չհայտնվեց գոնե մեկը, ով հրաժարվեր «պարգևավճարներից»: Ավելին` հայտնվեցին պարգևատրվածներ, ովքեր «մենտորական» հոխորտող առոգանությամբ ցինիկաբար հայտարարեցին, որ բարձրացված դժգոհությունը չափազանցված է: Դա էլ հերիք չէր` տարրական հարցերի տապալման ֆոնին տարբեր կալիբրի չինովնիկեր, ովքեր նաև այդ տապալումների համահեղինակներն են, սոցցանցերով և ԶԼՄ-ներով շռայլորեն ժողովրդին հրամցնում են, թե ինչպես մի քանի տարուց հետո Երևանը դառնալու է երազանքի քաղաք` «Նյու Վասյուկի»։ Քանի որ, քանակի իմաստով, Երևանն ամենաակտիվ մարդկանց կենտրոնացումն է, ահա թե ինչու արդեն հունվարի կեսերից դրական սպասումները սկսեցին փոխարինվել բացասականով: Այսպիսով, մեկնարկեց երկրի համար շատ վտանգավոր մի պրոցես` լոկալ դժգոհությունները սկսեցին ձևափոխվել գլոբալի:

Փաստորեն, ամեն ինչ արվեց, որպեսզի մարդիկ օր առաջ հիասթափվեն։ Իսկ հիասթափության պարագայում, եթե իշխանություններն անգամ չեզոք որոշումներ են կայացնում, մարդիկ դրանք էլի վատ են ընկալում։

- Եվ այստեղ սկսվում է իշխանության ու հասարակության միջև խզումը։

- Այո, և այդ խզումը վտանգավոր է ոչ միայն ներքին կյանքի համար, այլև արտաքին։ Իսկ արտաքին կյանքում մենք ունենք լուրջ խնդիր՝ Արցախյան հիմնախնդիր։

- Քանի որ խոսք գնաց Արցախի հիմնահարցի մասին և Դուք էլ եղել եք Արցախյան ազատամարտի մասնակից ու ծանր վիրավորվել եք, կուզեմ խոսենք վերջին շրջանում այդ հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, եթե իհարկե նման գործընթացներ կան։ Համենայնդեպս, մտահոգություններ կան հասարակության շրջանում։

- Տեսեք, ոգևորությունը գահավիժում է, ավելին, կան արդեն դժգոհություններ, իսկ դժգոհությունը միշտ իր հետ բերում է ավելցուկային լարվածություն և կասկածամտություն։ Սա էլ նշանակում է, որ այդ հարցում չի կարող լինել ճիշտ քննարկում ժողովրդի և իշխանության միջև։ Այստեղ պետք է արվեն քայլեր, որպեսզի լարվածությունն ու կասկածամտությունը նվազեն։ Օրինակ, վարչապետը կամ պաշտպանության նախարարը և արտգործնախարարը կարող են հրավիրել լրագրողներին ճեպազրույցի և օնլայն ռեժիմով մի քանի ժամ հնարավորինս բաց պատասխանել լրագրողների սուր հարցերին։ Դա մեխանիզմ է, որի պարագայում պիկային լարվածությունը գոնե կմեղմվի։ Դրան, իհարկե, պետք է հետևեն այլ քայլեր ևս։

Ես ցավով նկատում եմ, որ Արցախյան շարժման սկզբում կատարված գրեթե բոլոր կարևորագույն սխալները հիմա կրկնվում են։ Այն ժամանակ էլ մի այսպիսի սկզբունք կար՝ աշխատանքի վերցնել ոչ թե մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալներ են և բարոյական արժեքներ ունեն, այլ նրանց, ովքեր հավատարիմ են կամ ժամանակին արագ կողմնորոշվել են։ Դա տեղի է ունեցել ՀՀՇ-ի ժամանակ, երբ իշխանության եկան շատ ոչ պրոֆեսիոնալներ, որոնք ամենասովորական հարցերում սայթաքում էին։ Երկրորդ կարևորագույն սխալը՝ դեպի ապագա միտված ամպագոռգոռ հայտարարություններն են։

Փաստորեն, այսօր զուգահեռ երկու պրոցես է գնում՝ արդյունքեր չեն գրանցվում, ոգևորությունը գահավիժում է, ինչը փորձում են կոմպենսացնել ամպագոռգոռ, «Նյու Վասյուկի» կարգի հայտարարություներով։

Ես, ընդհանրապես, խորհուրդ կտամ միջին ու բարձր կարգի չինովնիկներին, առաջին հերթին, տեղական ինքնակառավարման մարմինների, դադարեցնել սոցցանցերով և ԶԼՄ-ներով ապագային միտված բոցաշունչ խոստումները և ուղղակի կոշտ հսկողության տակ դնել կոնկրետ, թեկուզև փոքր, բայց երևացող ու հեշտ լուծվող խնդիրների լուծումը, որպեսզի մարդիկ սկսեն իրական դրական փոփոխություններ տեսնել:

Նման մոտեցումը գոնե ժամանակավորապես ազատելու է նոր իշխանություններին ժամանակի մամլիչ ազդեցությունից…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: