Հայերեն   English   Русский  

Մեզ մոտ բոլոր դեպքերում հարստանում են ռեֆորմ իրականացնողները. Արամ Մանուկյան


  
դիտումներ: 849

Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ծավալված քննարկումներին`Արամ Մանուկյանն ԱԺ-ում հայտարարեց, թե դա կատարվում է ժողովրդի ճնշման արդյունքում միայն:

Դիմելով իշխանական ուժերին`Մանուկյանը հայտարարեց, թե վերջին 2 տարում իշխանության նախաձեռնած 7-8 ռեֆորմ է ձախողվել, օրինակ`կուտակային կենսաթոշակային համակարգը, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, ճանապարհների կարմիր գծանշումները, շրջանառության հարկը, նկարահանող սարքերը, սահմանադրական բարեփոխումները և այլն:

Մանուկյանի խոսքով`բոլոր ռեֆորմների բովանդակությունը լավն է, բայց մատուցումն է վատը, քանի որ դրանք իրականացնողներն առաջնորդվում են իրենց շահերով, դրանցում կենտրոնացնում են իրենց անձնական շահերը:

«Այս խութային մոտեցումները փչացնում են ռեֆորմները: Արդյունքում կորցնում եք հասարակության վստահությունը: Մեզ մոտ բոլոր դեպքերում հարստանում են ռեֆորմ իրականացնողները»,- ասաց Մանուկյանը:

Նա հիշեցրեց , որ միջազգային կառույցների զեկույցների համաձայն`Հայաստանում կոռուպցիան տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն է: Նաև նշեց, որ կոռուպցիայի մեջ ներքաշված մարդիկ պաշտոն են ստանում կամ անգամ առաջ գնում պաշտոնների սանդղակով: Որպես օրինակ մատնանշեց նախկին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որի գործունեության մասին ինքը բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից, ինչը դատախազության համար հանցագործության մասին հայտարարություն պետք է դիտարկվեր: Բայց Մովսիսյանը նախարարի պաշտոնից հեռացվեց և նշանակվեց նախագահի խորհրդական:

«Ովքե՞ր են հայաստանում թունավորում ժողովրդին կեղծ դեղերով, կեղծ արաղով, ժամկետանց սնունդ մատակարարում, չգիտե՞ք: Շոու է, ուզում եք Հայաստանի տնետսական պրոբլեմները լուծել, բայց չեք գնում անհրաժեշտ ուղղությամբ: Դժվար չէ այդ ամենը ճշտել: Բայց այդ ամենը չտեսնել և գալ ու հայտարարել, թե ուզումենք ռեֆորմ անել, ճիշտ չէ»,-ասաց Մանուկյանը:

Մանուկյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը`նշելով. «Ձեր խոսքից հասկացա, որ ռեֆորմները լավն էին, ուղղակի անձերը ձեր դուրը չեն գալիս, և դուք ժողովրդին ըմբոստացնում եք»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: