Հայերեն   English   Русский  

​Գերքաղաքականացված մեկնաբանությունների դիմաց


  
դիտումներ: 738

Սիրիա մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի ուղարկումը, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում, տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, մեկնաբանելով խմբին Սիրիա ուղարկելու որոշումը, հայտնել էր, որ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, եւ թե ԱՄՆ-ը կիսում է Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները, այսուհանդերձ նրանք չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը` դա լինի քաղաքացիական անձերի օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Վաշինգտոնը նաև չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով: Ըստ նրա՝ Մոսկվան գործակցել է Դամասկոսի վարչակարգի հետ` կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձերին և պատճառ է դարձել մարդասիրական աղետի: Միջազգային մակարդակում Ռուսաստանը շարունակում է հանդես գալ այս վարչակարգի և նրա հետ կապված վայրագությունների պաշտպանության դիրքերից:

Այս դիրքորոշման իմաստն այն է, որ հայկական խմբի ուղարկումը ողջունելի չէ, որովհետև այս ուղղությամբ Երևանը գործակցում է Մոսկվայի հետ: Մնացյալը` կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առաջադրանք, կամ մարդասիրական իրավիճակին արձագանքելու սկզբունք, պարզապես կարգախոսային և զուտ ձեւակերպական բնույթ ունեն: Ընդգծելին վերաբերում է ռուսական գործոնին:

Ռուսական մամուլն անդրադառնում է այս հարցով ամերիկյան հավանական բացասական արձագանքներին, Մոսկվային ունկնդիր լինելուն եւ Սիրիա խումբ ուղարկելու որոշումը անփոփոխ պահելուն: Եւ ընդգծում է այս պայմաններում ամերիկյան օժանդակության նկատմամբ որեւէ հույս չունենալը, նման կեցվածք եւ գործնական քայլեր Եվրոպական Միությունից սպասելը` այն պատճառով, որ Ռուսաստանը աջակցելու աշխուժություն չի ցուցաբերել մինչ այժմ:

«100 բժիշկների և սակրավորների գործուղումը Աֆղանստան, իբրեւ աջակցություն ԱՄՆ-ին՝ լավ է ու գովելի, իսկ նույն բժիշկների ու սակրավորների գործուղումը Սիրիա` գրեթե հանցանք», եզրափակում է ռուսական մամուլը:

ՀՀ արտգործնախարարության խոսնակը, հատկապես ամերիկյան հայտարարությանն արձագանքելով հստակացնում էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ է, որ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որը ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:

Արտգործնախարարությունը բանաձևել է նաև ազգային և պետական հայեցակետերից մեկնած այն բոլոր հիմնավորումները, որոնք արդարացնում են Երեւանի որոշումը: Սկսելով պատմական տվյալներից` նկատի ունենալով, որ Սիրիան ապաստան է հանդիսացել Ցեղասպանությունից վերապրածների համար, ապա՝ համայնքի իրավիճակից, բացատրելով Հայաստան ապաստանած սիրիահայերի պարագան, հիշեցնելով, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական դիվանագիտությունը շարունակել է գործել Սիրիայում, և նման որոշմամբ օժանդակում է նաեւ պատերազմական հետեւանքները կրող սիրիահայ համայնքին: Այս հիմնավորումներում ընդգծվում է նաև այն, որ հայ մասնագետների խումբը իր աշխատանքները համակարգելու է տեղում գործող մարդասիրական միջազգային կառույցների հետ:

Հայկական հիմնավորումները բնականաբար կնպաստեն բացատրելու համար Երևանի որոշումը` ազգային-պետական շահերից թելադրված: Ներկայացված բանաձևի առաջին և վերջին բաժինները պատասխան են քաղաքականացված արձագանքումներին: Հստակորեն հայտարարվում է, որ Երևանն ու Վաշինգտոնը որոշ ժամանակ է արդեն մարդկային աղետի դիմագրավման համար միասին աշխատանք են իրականացնում, հետեւաբար մեկ ուղղությամբ քաղաքականացված մեկնաբանությունը ճիշտ չէ. երկրորդ` հայ մասնագետները տեղում իրենց աշխատանքները պիտի համակարգեն ներգրավված միջազգային տարբեր կառույցների հետ: Այստեղ ևս խնդիրը մեկ ուղղվածություն չունի ուրեմն:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ձևաչափով խաղաղապահ առաքելության է մասնակցում. այս անգամ մեկնաբանությունները գերքաղաքականացված են այն պարզ պատճառով, որ գործուղման միջավայրը ռուսական ազդեցության գոտի է և Վաշինգտոնը քաղաքականորեն հանգիստ չպիտի ընկալեր նման որոշումը: Պայմանագիրը երկկողմ է և տեղավորվում է միջազգային համաձայնագրերի իրավաչափություններում:

Անպայման նկատի պետք է ունենալ նաեւ այն փաստը, որ Երևանը Հայաստանի սահմանամերձ երկրներում` Իրաք, Լիբանան, այժմ նաեւ Սիրիա, իրականացնում է նման միջազգային առաքելություն, դա լինի զինվորական, թե մարդասիրական բնույթի:

Քաղաքականացված մեկնաբանությունները, ներքին թե արտաքին առումով, չեն բխում պետության շահերից: Պաշտոնական Երևանի, այս դեպքում արտգործնախարարության բանաձևումները հարցի մեկնաբանության, վերլուծման և առհասարակ քննարկման ընթացքին ուղենշային են։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: