Հայերեն   English   Русский  

Մնացականյանը և Լավրովը Մյունխենում քննարկել են ղարաբաղյան կարգավորումն ու երկկողմ օրակարգը


  
դիտումներ: 633

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը այսօր Մյունխենում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու երկկողմ օրակարգը:

Հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Ռուս-հայկական հարաբերություններին բնորոշ բարեկամական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր», - փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: