Հայերեն   English   Русский  

​Չարաշահումներ մարզադպրոցներում. ինչպե՞ս կվարվի Գյումրու քաղաքապետը


  
դիտումներ: 378

Հերթական չարաշահման դեպքն է բացահայտվել Գյումրիում.

համայնքապատկան երկու մարզադպրոցում տնօրենների գործունեության մեջ չարաշահումներ են հայտնաբերվել: Ոստիկանության Մուշի բաժնի ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը 2013-2018թթ. աշխատանքի է ընդունել 7 քաղաքացու, նրանց հրամանագրելով որպես փոխտնօրեն, մարզիչ /2 քաղաքացու/, հավաքարար, բանվոր /2 քաղաքացու/, պահակ։ Վերջինների անվամբ 2013 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, տարբեր ժամանակահատվածներում, հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 23.080.700 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ։

Իսկ Կումայրի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը 2010-2018թթ. աշխատանքի է ընդունել 5 քաղաքացու՝ նրանցից 4-ին հրամանագրելով որպես մարզիչ-մանկավարժ, մեկին՝ բանվոր։ Վերջիններիս կողմից 2013-2018թթ․ տարբեր ժամանակահատվածների կտրվածքով աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 9.305.696 ՀՀ դրամ գումար։

Արձանագրված երկու դեպքով էլ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:


Գյումրու քաղաքապետարանը դեռ չի շտապում որևէ մեկնաբանություն տալ այս առումով: Ankakh.com-ին Գյումրու քաղաքապետարանից փոխանցեցին՝ ՛՛ՀՈԱԿ-ների հաստիքացուցակը հաստատում է ավագանին, ըստ հաստատված հաստիքացուցակի տրվում է գումար: ՀՈԱԿ-ի տնօրենին քաղաքապետն է ներկայացնում ավագանուն, իսկ աշխատողներին ընդունում և ազատում է ՀՈԱԿ-ի տնօրենը, քաղաքապետարանն այդ գործառույթի հետ կապ չունի: Երկու ՀՈԱԿ-ների՝ Բռնցքամարտի մանկապատանեկան և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցների մասով գործը գտնվում է իրավական տիրույթում, սպասենք գործի ընթացքին՛՛:

Պատրաստվում են արդյո՞ք աշխատանքից ազատել երկու հաստատությունների ղեկավարներին՝ քաղաքապետարնից խուսափեցին այս հարցին պատասխանելուց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: