Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն քվեարկեց. «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը


  
դիտումներ: 1728

5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի ըթնացիկ քառօրյայի երրորդ օրը մեկնարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումներով: Հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանը նշեց, որ նախորդ երկու օրերին հարցը լայնածավալ քննարկումների արժանացավ, որի ընթացքում ականատես եղան խնդրի կարգավորման ուղղությամբ տարբեր առաջարկների:

Նա քաղաքական ուժերին ևս մեկ անգամ համագործակցության կոչ արեց`խնդրին համատեղ լուծում գտնելու համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք դեմ են ժամանակը ձգձգելուն, ուստի կողմ չեն կարող քվեարկել, բայց նաև դեմ չեն քվեարկի, քանի որ այդ պարագայում կգործի նախկին տարբերակը, որից կտուժեն փոքր և միջին ձեռնարկատերերը: Ուստի ԲՀԿ-ն ձեռնպահ կմնա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս հայտարարեց, որ հիմք ընդունելով վարչապետի հետ ունեցած պայմանավորվածությունները`ձեռնպահ են քվեարկելու:

Ձեռնպահ մնալու մասին հայտարարեցին նաև ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը: Իսկ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ են քվեարկելու, քանի որ չեն ուզում, որ գործի օրենքի վատ տարբերակը:

«Օրա կեսը մի բան եք ասում, մյուս կեսն այլ բան: Ձեռնպահն այս դեպքում մեղմ ասած դեմն է: Հասկանո՞ւմ եք, որ եթե նախագիծը չընդունվի, նախկին օրենքն է գործելու»,- ասաց Վարդան Այվազյանը`դիմելով ձեռնպահ լինելու մասին հայտարարած ոչ իշխանական ուժերին:

Իսկ ՀՀկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվերակելու: «Պատկերացնո՞ւմ ենք, որ ՀՀԿ-ն էլ որոշի ձեռբնպահ քվեարկել: Որպեսզի կարողանանք ձեզ հնարավորություն տալ քննարկումները շարունակելու, կողմ ենք քվեարկելու»,- ասաց Բաղդասարյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 75 կողմ, 40 ձեռնպահ և 1 դեմ հարաբերակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: