Հայերեն   English   Русский  

Որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր.


Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին. Դ. Բաբայան


  
դիտումներ: 1076

Մենք իրավական և ժողովրդավարական պետություն ենք, ինչն իր մեջ պարունակում է այն հրամայականը, որ որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, որևէ մեկը իրավունք չունի խախտել, ոտնահարել օրենքը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությանը:

«Օրենքով ինչպես նախատեսված է, այդպես էլ պետք է լինի: Իշխանությունները պետք է անեն և անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանվի կարգ ու կանոնը, օրենքի գերիշխանությունը, նույնը պետք է անի ցանկացած այլ քաղաքացի: Այս փիլիսոփայության ներքո պետք է ընթանա ցանկացած գործընթաց»,- ասաց նա:

Բաբայանը նշեց, որ իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին: «Ո՞նց կարող է նման բան լինել, ի՞նչ է նշանակում խոչընդոտել, օրենքի խոչընդոտելը ո՞րն է: Կրկնում եմ՝ ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում, և ամենակարևոր հրամայականը հենց սա է: Որևէ մեկն արտոնյալ չէ Արցախում, նույնն էլ` որևէ մեկը չի կարող զրկված լինել ինչ-որ իրավունքներից, և սա հրամայական է բոլորի համար, ոչ միայն իշխանության, այլև ցանկացած այլ քաղաքացու համար»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ մասնավորապես Արցախի իշխանություններին կոչ էր արվում չխոչընդոտել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին, վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա:

Ինչ վերաբերում է հայտարարության նշված այն դրույթին, թե խոչընդոտելով ստորագրահավաքին՝ իշխանությունները դրդում են ժողովրդին վաղաժամ որոշումների՝ այն է հեղափոխության, Բաբայանը նշեց, որ չի կարծում նման բան լինի:

«Չեմ կարծում, որովհետև ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Ի՞նչ խախտման մասին է խոսքը. եթե խախտում կա, ձև կա այդ խախտումը վերհանել և ներկայացնել՝ այ այստեղ այսպիսի խախտում է եղել: Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմանում, բացառապես, մենք չունենք ո՛չ յուրայիններ, ո՛չ արտոնյալներ, չի կարող այդպիսի բան լինել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: