Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանն իր Հանրային խորհրդի կազմով կորցրել է հասցեն, գույքն ու բնականոն աշխատելու հնարավորությունը. 168.am


  
դիտումներ: 2328

Վազգեն Մանուկյանն իր Հանրային խորհրդի (ՀԽ) կազմով կորցրել է հասցեն, գույքն ու բնականոն աշխատելու հնարավորությունը:

Կառավարության շենքում նրանց հատկացված միակ սենյակը հեղափոխական իշխանությունն արդեն իսկ հանձնել է ուրիշին՝ առանց լուծելու գրասենյակի խնդիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այն հատկացրել է վարչության պետերից մեկին: Եվ այս իրավիճակից անհարմար դրության մեջ են հայտնվել սենյակի հին ու նոր տերերը:

Ընդամենը 5 հոգու համար նախատեսված աշխատասենյակը, ուր այդպես էլ Վազգեն Մանուկյանը ոտք չդրեց հատկացման օրվանից, այս օրերին դատարկ է մնացել: ՀԽ-ի անհասցե ու անժամկետ «արտաքսված» կազմը կիսացրիվ աշխատում է Վազգեն Մանուկյանի կուսակցության՝ ԱԺՄ գրասենյակից, իսկ նորեկը դեռևս ձգձգում է տեղափոխության հարցը:

Հանրային խորհրդի համար այս քաոսային վիճակը ստեղծել է Էդուարդ Աղաջանյանը: Հեղափոխությունից հետո իշխանության եկածներն ուսումնասիրել էին մասնավորին տրվող վարձակալական ծախսերը ու որոշել էին առաջին կրճատումները սկսել հենց այստեղից: Բնական է, որ բյուջեի հաշվին տարածքներ վարձակալելու փոխարեն՝ պետգույքի տարածքում պետական կառույցի համար պայմաններ ստեղծելը միանգամային ճիշտ մոտեցում էր:

Սակայն այս դեպքում խնդիրն այլ ենթատեքստ ուներ… Հեղափոխական կառավարությունում ՀԽ-ի շուրջ պատմությունը սիզբ է առել մի պրագմատիկ պատճառով. սովորության համաձայն՝ սկզբում հեղափոխական կառավարությունը կտրել է միջոցները, հետո նոր մտածել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու մասին:

Կառավարությանը կից հասարակական կառույցի օգտակար գործողության գործակիցը հասել է նվազագույնի, իսկ անորոշ վիճակից ելքեր դեռ չեն նշմարվում:

ԿԱ Պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին հանձնարարված է ազատ տարածք գտնել Հանրային խորհրդի համար, մինչդեռ պետական ենթակառույցներում ազատ տարածք չի գտնվել:

Ու մինչ կառավարության վստահեցումներն իրականություն կդառնան՝ Հանրային խորհրդի նորընտիր կազմը խայտառակ ռեժիմով հարկադրված է եղել ամեն անգամ մի բուհի կամ գրադարանի դահլիճում ժողովներ հրավիրել, ձևավորել 15 հանձնաժողովներ:

Հանրային խորհրդի նորընտիր կազմը, համակերպվելով կառավարության կողմից պարտադրված խաղի կանոնների հետ, շարունակում է սրան-նրան խնդրելով՝ աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել տարբեր վայրերում: Սակայն տարածքի պատճառով խիստ օրակարգային է մնում ՀԽ ոլորտային հանձնաժողովների նիստերի անցկացման հարցը. Հանրային խորհրդրի կազմը ստիպված է անընդհատ ձգձգել հանձնաժողովի նիստերը, քանի որ նույն տեխնիկական պատճառով հետաձգվում է նաև ՀԽ նախագահի ընտրությունները:

Փաստացի Վազգեն Մանուկյանը դեռևս լեգալ կարգավիճակ չունի ՀԽ-ում և այնքան ժամանակ, քանի դեռ ընտրված չէ Հանրային խորհրդի նոր նախագահը: Իսկ Վազգեն Մանուկյանի լիազորությունները դե յուրե դադարեցված են դեռ անցած տարվանից:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Բացառված չէ, որ Հանրային խորհրդին տարածքից զրկելով՝ հեղափոխական իշխանությունը ոչ այնքան՝ խնայողության, որքան՝ քաղաքական նպատակ է հետապնդել՝ փորձելով իբր հարվածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիշեցնենք, Հանրային խորհուրդն իր ձևավորման օրվանից Հանրապետության հրապարակի տարածքում էր գործում՝ տեղակայված էր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, որն ասոցիացվում է Քոչարյանի ընտանիքի հետ: Ի դեպ, այստեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նիկոլ Փաշինյանը 2018 հուլիսին հանձնարարում է լուծել «Էրեբունի պլազայի» հետ կնքած Հանրային խորհրդի համար՝ 234 քմ տարածքի վարձակալության պայմանագիրը, իսկ Վազգեն Մանուկյանին, իր ղեկավարած կազմով հանդերձ՝ տեղափոխել Բաղրամյան 26: Նախագահական նստավայրում Հանրային խորհրդին 2 սենյակ էր հատկացվել՝ մեկը՝ կազմին, մյուսը՝ նախագահ Մանուկյանին:

Քննարկումների սենյակի բացակայության պատճառով խորհրդի անդամները մի քանի անգամ դժգոհություն են բարձրացնում, խնդրում են այլ տարածք տրամադրել, երկու ամիս անց Կառավարությունը նրանց ավելի վատթար պայման է հարկադրում՝ կրկին փակ ռեժիմով տարածք՝ ընդամենը մեկ աշխատասենյակով՝ Կառավարության շենքի 1-ին հարկում: Իսկ այս ժամանակահատվածում դեգերումների ընթացքում Հանրային խորհրդից բառացիորեն խլվում է նաև վերջինս պատկանող պետական գույքը: Մասնատված, ցաք ու ցրիվ եղած գույքը, հնարավոր է, ՀԽ-ի նոր տարածքում այլևս ի մի չբերվի, հայտնի չէ նրանց տեղը, տեղափոխություններից հետո այն չի գույքագրվել ոչ մի անգամ:

Հիշեցնենք, Հանրային խորհուրդն իր ստեղծման օրից՝ 2009թ.-ից, որպես ՀՀ նախագահի աշխատակազմին կից խորհրդակցական մարմնի հասարակական կարգավիճակ ուներ, նախագահի աշխատակազմից տարեկան հատկացվում էր ավելի քան 4,5 միլիարդ դրամ՝ տարածքի վարձակալության և պահպանման ծախսերի համար: Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման անցման և դրանից բխող մի շարք օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ՀԽ-ի համար բյուջեից տրվող ծախսը կրկնակի նվազեց՝ 2018-ին հասնելով հասնելով 2 միլիարդ 381 միլիոն դրամի: Հիմա այն գործում է դարձյալ հասարակական կարգավիճակով՝ որպես ՀՀ կառավարությանը կից խորհրդակցական մարմին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: