Հայերեն   English   Русский  

Վաչագան Ղազարյանը վերականգնել է պատճառված վնասը. դատախազը չի պնդել գրավի դեմ ներկայացրած բողոքը


  
դիտումներ: 617

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ ներկայացրած բողոքը դատախազը չի պնդել։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նման դիրքորոշում դատախազ Վարդգես Սարգսյանը հայտնել է այսօր՝ Վերանքննիչ քրեական դատարանում։ Մեղադրողը մասնավորապես հայտնել է, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը և քննության ներկա փուլում նվազել են նրա կողմից նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը։

Այսպիսով դատարանը բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 30-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել դատախազությունը։

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար։

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Վաչագան Ղազարյանը կալանվորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը բողոքարկվել էր դատարան, որի արդյունքում նա նորից կալանավորվել ու անազատության մեջ էր գտնվում մինչև դեկտեմբերի 30-ը, երբ դատարանը նորից գրավը նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: