Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման վճռի կայացման առնչությամբ


  
դիտումներ: 572

Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ,

ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Մենք դատապարտում ենք ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը, որի իրական հեղինակն Ադրբեջանի ղեկավարությունն է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:

Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։

Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»:

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: