Հայերեն   English   Русский  

​«Գռեհիկ հայտարարություններ, որ ոչ միայն անհարգալից վարքագիծ է, այլ նաև մատնում է չարաշահողներին». Զ․ Փոստանջյան


  
դիտումներ: 3620

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանների՝ահազանգելով մեր երկրում խոսքի ազատության նկատմամբ «թավշյա» իշխանության կողմից ոտնձգությունների վերաբերյալ:

Առիթը «Հայելի ակումբ», «Հրապարակ» օրաթերթ և այլ լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանի՝ տարածքներն ազատելու վերաբերյալ ներկայացրած ծանուցագիրն էր, որը Փոստանջյանը համարում է ապօրինի պահանջ։ Քաղաքական գործիչն Անկախ-ի հետ զրույցում անդրադառնում է նաև Հայաստանում այսօր մամուլի նկատմամբ իշխանության վարքագծին։

-Տիկին Փոստանջյան, ինչո՞ւ որոշեցիք դիմել Հայաստանում ԱՄՆ, ԵՄ և ՌԴ դեսպաններին։ Նկատենք, որ հատկապես Ռուսաստանի դեսպանին դիմելու փաստը հասարակությունը միարժեք չընդունեց՝ այդ երկրում մամուլի ազատության ոչ բարվոք վիճակով պայմանավորված։

-Այո համամիտ եմ Ռուսաստանի Դաշնությունում կան խնդիրներ մամուլի ազատության հետ կապված, և մարդիկ իրավացի են այդ տեսանկյունից: Միևնույն ժամանակ քաղաքականությունն ունի իր կանոնները, որը որոշ դեպքերումպահանջում է բազմակողմանի գործողություններ:

-Մամուլը գրեց, որ վարչապետի հետ Բրյուսել են մեկնել նաև կինն ու դուստրը, որից հետո Աննա Հակոբյանը հանդես եկավ սարկազմով լի «ինքնահարցազրույցով», իսկ Նիկոլ Փաշինյանն այն հանրայնացրեց իր էջում՝ կրկին սարկազմային մեկնաբանությամբ։Ինչպե՞ս կարելի է ընկալել այս արձագանքը՝ իբրև հեգնանք նախկին գործընկերների նկատմա՞մբ, ինքնապաշտպանությու՞ն, ճնշո՞ւմ, թե այլ բան։

-Բնական է` երբ երկիրը ժողովրդավար է, իշխանության ներկայացուցիչներն իրենք են հաղորդում և հրապարակում հանրային հետաքրքրությանն առնչվող բոլոր տեղեկությունները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են հանրային միջոցների ծախսերին։ Մենք գիտենք, որ վարչապետի տիկինը իր աշխատանքային գործունեությունը ծավալում է ՀՀ կառավարության շենքում` հանրային միջոցների հաշվին: Մենք գիտենք, որ ՀՀ վարչապետը պարբերաբար, ինչպես իր նախորդը, շահագործում է հանրային միջոցների հաշվին ինքնաթիռը, որի մի թռիչքը կազմում է հազարավոր դոլարներ: Այս հարցերի շուրջ հանրությունը պետք է ստանա սպառիչ տեղեկություն՝ իր կողմից վճարած հարկերը ինչպես են ծախսվել: Մինչդեռ այս մասին տեղեկություն չի հրապարակվել: Եվ ի պատասխան հարցերի՝ հրապարակվել են բավականին գռեհիկ հայտարարություններ, որը ոչ միայն անհարգալից վարքագիծ է, այլ նաև մատնում է չարաշահողներին:

Շուրջ 35% աղքատ քաղաքացիներ ունեցող պետության ղեկավարները հանրային միջոցները ծախսելիս պետք է դրսևորեն զսպվածություն և համեստություն: Ե՛վ նախորդ իշխանավորները, և՛ այսօրվա իշխանավորները չունեն ո՛չ զսպվածություն, ո՛չ էլ համեստություն: Թանկարժեք հյուրանոցներում գիշերակացը անցկացնելը ընտանիքի անդամների հետ չարաշահման փաստ է, որը փորձել էր թաքցնել վարչապետի ընտանիքը, հետագայում Բրյուսել մեկնելը նույնպես փորձել էին թաքցնել, և երբ դա չի հաջողվել, փորձել են նման գրառումներով պաշտպանել իրենք իրենց` անհաջող ինքնապաշտպանություն:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե նախկինում մամուլը կարող էր ճնշվել միայն իշխանության կողմից, ապա այսօր մամուլի վրա ճնշում է գործադրում նաև հասարակության մի ստվար զանգված, ինչն աննախադեպ երևույթ է։ Բանը հասել է նրան, որ շատերն անգամ ողջունում են զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կայացած որոշումները՝ կապված տարածքների հետ, և առհասարակ պաշտպանում իշխանության կողմից լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ կոշտ դիրքորոշումը։ Ինչի՞ մասին է սա վկայում։

-Չեմ կարծում, որ հանրությունը մասնակից է մամուլը ճնշելու հարցում։ Եթե ի նկատի ունեք սոցիալական ցանցերում հրապարակված կարծիքները, ապա դա դեռ հանրության հավաքական կարծիքը չէ: Հանրային կարծիքը ուսումնասիրված չէ այս հարցում: Մենք գիտենք, որ քաղաքականություն բանեցնողները ունենկեղծ անուններով հազարավոր օգտատերեր` քարոզիչներ, որոնք արտահայտում են տվայլ խմբի նեղ շահը:

-Նախորդ տարվա վերջին իր հրապարակային ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Այսօր ՀՀ բոլոր լրատվամիջոցներն ազատ են, քան երբևէ։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել»։ Ինչպե՞ս կբեկնաբանեք այս հայտարարությունը։

-Համամիտ չեմ: Նման հայտարարությամբ հանդես գալու համար պետք է վերականգնվեր նախորդ իշխանության կողմից ճնշված լրատվամիջոցների իրավունքները: Վերջերս լրատվամիջոցներին ներկայացրած ծանուցագրերը` ազատել քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող տարածքները 5 օրվա ընթացքում, փաստում է, որ այսօր տեղի է ունենում ճնշում խոսքի ազատության նկատմամբ: Այս լրատվամիջոցներն ունեն պայմանագրեր Երևանի քաղաքապետարանի հետ, այս տարածքները նրանց տրամադրվել է Երևանի ավագանու որոշմամբ: Այսպիսի միջամտությունը ակնհայտ անօրինական է: Կհիշեք` անցյալ տարի Տարոն Մարգարյանի հրահանգով«Ա1+» և «Ազատություն» հեռուստաընկերությունների լրագրողներին Երևանի քաղաքապետարանում լուսաբանման աշխատանքներ իրականացնելը արգելվեց: Սույն ապօրինության մասին բողոքս երկրորդ պտույտն է կատարում իրավապահ համակարգում: Նիկոլ Փաշինյանի նշանակված իրավապահ մարմինների ղեկավարներն են դրսևորում անգործություն և չեն ցանկանում պատասխանատվության կանչել խոսքի ազատությանը խոչընդոտողներին: Ցավալի է, բայց փաստ՝ ինչպես նախկինում, այսօր նույնպես խոսքի ազատությունը ոտնահարվում է:

-Ի՞նչ խորհուրդ կամ կոչ կհղեք ԶԼՄ ներկայացուցիչներին։

-Կատարել իր` «հանրային հսկող շան» դերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: