Հայերեն   English   Русский  

Ընտրական գործընթացում մի քանի սահմանափակումներ պետք է վերացվեն. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ


  
դիտումներ: 514

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի ԱԺ աչտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։

Զեկույցում տրվել են հանձանարարականներ, որոնք միտված են ընտրական գործընթացի բարելավմանը։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ԺՀՄԻԳ-ի սույն և նախկին զեկույցներում մատնանշված բացերի և երկիմաստությունների վերացման համար իրավական դաշտը պետք է վերանայվի հաջորդ ընտրություններից բավականաչափ ժամանակ առաջ՝ ներառական օրենսդրական գործընթացի միջոցով:

Ըստ զեկույցի, իշխանությունները պետք է նախաձեռնեն միջոցների իրավական վերանայում՝ երաշխավորելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը՝ միևնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին:

Հանձնարարականների բաժնում նաև նշվում է.

«Իշխանությունները պետք է շարունակեն նպաստել հանրային լրատվամիջոցների խմբագրական անկախությանը և խթանեն քաղաքացիների համար անկողմնակալ, քննադատական և վերլուծական քաղաքական տեղեկատվության և ծրագրերի հասանելիությունը՝ այդ թվում այն դեպքերում, երբ լուսաբանվում է պետական պաշտոնյաների գործունեությունը: Ի հավելումն դրա, կարող է դիտարկվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման հնարավորությունը:

Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով:

ԿԸՀ-ն պետք է ընդլայնի ԸԸՀ վերապատրաստումներն արդյունքների ամփոփման արձանագրությունների մասով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձայների հաշվարկին և այդ արձանագրությունների լրացման կարգին: Ընտրությունների արդյունքների ճշգրտության և ամբողջականության ապահովման նպատակով աղյուսակավորման փուլում արդյունքների ամփոփման արձանագրություններում արվող բոլոր ուղղումները պետք է լինեն միատեսակ, հաշվետվողական և արվեն օրենքի համաձայն:

Ինչպես նշված էր ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկում, իրավական դաշտը պետք է բարեփոխվի՝ սահմանելով քարոզարշավային բոլոր մուծումների ու ծախսերի մասին հաշվետվության ներկայացման պահանջ՝ ներառելով կազմակերպչական և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը կատարված ծախսերը:

Իշխանությունները պետք է առավել նախաձեռնողական լինեն հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության համար հասանելի միջավայր ապահովելու հարցում և միջոցներ ձեռնարկեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություններով անձանց համար քվեարկության մատչելիությունը մեծացնելու համար: Հասանելիության խնդիրներ ունեցող շենքերը պետք է առանձնացվեն նախապես և անհրաժեշտ դեպքերում պետք է տրվեն այլընտրանքային լուծումներ:

Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն Ընտրական վարչարարության աշխատանքի թափանցիկության բարձրացման համար ԿԸՀ-ն պետք է իր կայքէջում պարբերաբար և ժամանակին հրապարակի ԿԸՀ-ի և ՏԸՀ-ների բոլոր որոշումները:

Տեղամասային կենտրոններում կուտակումները պետք է վերացվեն, օրինակ՝ առավել հարմար տարածքներ հատկացնելով, լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելով և հերթերի պատշաճ կառավարմամբ: ԿԸՀ-ն պետք է խթանի ընտրողների իրազեկման ծրագրերը, ներառյալ ընտանիքով քվեարկության կանխման և քվեարկության գաղտնիության կարևորության վերաբերյալ:

Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրման իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն»։

Նշվում է, որ փաստաթղթի ողջ տեքստում ներառված հանձնարարականները տրվում են Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման հետագա բարելավման և դրանք ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ լիարժեք ներդաշնակեցմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով: Սույն հանձնարարականները պետք է ընթերցվեն նախկին՝ դեռևս չկատարված ԺՀՄԻԳ հանձնարարականների հետ միասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: