Հայերեն   English   Русский  

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը...


  
դիտումներ: 15056

Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդարիության Երկաթ անվանվեց՝ արիությանբ բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:

Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:

Աշոտ Բ Բագրատունուն ծանր գահակալություն բաժին հասավ: Նա ավագ որդին էր և թագաժառանգը Սմբատ Ա արքայի (890-914), որը, պայքարելով արաբական տիրակալության դեմ, եղերական մահ ունեցավ: Խաբեությամբ ձեռք գցելով Սմբատ Ա-ին` արաբները նրան տանջամահ արեցին, գլխատեցին Դվինում և մարմինը խաչեցին: Թվում է, թե այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը կվհատվի և անձնատուր կլինի թշնամու ողորմածությունը: Բայց ոչ: Աշոտ Երկրորդն իր երկաթե կամքի ու քաջության շնորհիվ սուր ճոճեց թշնամու դեմ և հաղթեց:

Աշոտ Երկրորդի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 910 թ., երբ նա իր Մուշեղ եղբոր հետ Նիգ գավառում` Ձկնավաճառի ճակատամարտում, առաջնորդեց հայոց բանակը Հայաստան ներխուժած Ատրպատականի Սաջյան Յուսուֆ ամիրայի դեմ: Այս ճակատամարտում հայոց բանակը ծանր պարտություն կրեց, արքայորդի Մուշեղը գերվեց և գլխատվեց թշնամու կողմից, իսկ Աշոտը զորքի մնացորդներով խույս տվեց Հայաստանի հյուսիսային գավառները:

Ձեռք գցելով Սմբատ Ա արքային և գլխատելով նրան` Յուսուֆը տիրացավ գրեթե ողջ հայոց թագավորությանը: Նա գրավում, քարուքանդ էր անում հայոց շեները, բերդերը, քաղաքները:

Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի հավաստմամբ` երկրում սարսափելի քաոս և սով էր տիրում: Եվ այս պայմաններում երիտասարդ թագաժառանգը պետք է համախմբեր երկրի պառակտված ուժերը, թշնամուն դուրս շպրտեր Հայաստանից, միավորեր երկիրը, ճնշեր անհնազանդ իշխաններին, ժողովրդին դուրս բերեր ծանր վիճակից:

Դեռևս 908 թ., խզելով դաշինքը Սմբատ Ա արքայի հետ, Գագիկ Արծրունի իշխանը Վասպուրականում իրեն հռչակել էր հայոց թագավոր` փաստորեն հիմքը դնելով Վասպուրականի Արծրունյաց թագավորության (908-1021): Յուսուֆն անմիջապես ճանաչեց Գագիկի թագավորությունը` ձգտելով նման կերպ պառակտել Հայաստանը: Սակայն Յուսուֆի հաշվարկները չարդարացան: Գագիկ Արծրունին, բավարարվելով Վասպուրականով, Բագրատունիների դեմ Հայաստանում հակաթոռ թագավորություն չստեղծեց:

Քիչ էին այս արհավիրքները, հյուսիսային լեռնական ցեղերը սկսեցին ասպատակել Հայաստանը` ավերելով նրա կենտրոնական գավառները և բնակչությանը գերեվարելով, քշելով ստրկության:

Երկրում կատարյալ քաոս էր, սով: Հովհաննես Դրասխանակերտցու պատմելով` սովն այնքան մեծ ավերածություններ գործեց, որ ամբողջ շեներ և քաղաքներ ամայացան: Ի հայտ եկան անգամ մարդակերության դեպքեր:

915 թ. Յուսուֆը թագ և արքայական շնորհներ հանձնեց Աշոտ Բ Երկաթի հորեղբորորդուն` Աշոտ Շապուհյանին, որը, ընկնելով Յուսուֆի լարած ծուղակը, շլանալով հայոց թագավոր դառնալու հեռանկարից, դավաճանեց հայությանն ու պայքար սկսեց օրինական թագավորի դեմ:

Չցանկանալով եղբայրասպան պատերազմ սկսել` Աշոտ Երկրորդը Հովհաննես Դրասխանակերտցու միջոցով բանակցություններ սկսեց իր հարազատի հետ: Նա պատրաստ էր ճանաչել Աշոտ Շապուհյանի իշխանությունը Վաղարշապատում և նրա շրջակայքում` առանց ժառանգության իրավունքի: Համաձայնություն ձեռք բերվեց, և Աշոտ Շապուհյանը, ստանալով ձևական թագավորական տիտղոս, դադարեց պայքարելուց:

Ապա Աշոտ Երկրորդն իր եղբոր` սպարապետ Աբաս Բագրատունու հետ զորարշավ սկսեց Հայաստանում` իր թռուցիկ խմբերով անակնկալի բերելով և ջարդելով արաբական զորաբանակները: Նա զորաշարժով ազատագրեց Շիրակը, Բագրևանդը, Աղստևի հովիտը, Գուգարքը, Հայաստանի կենտրոնական նահանգները, անգամ արշավեց հյուսիս ու գրավելով Տփղիսը` ջարդ տվեց Տփղիսի արաբ ամիրային: Իր արշավանքներում նա ամենուր ստանում էր ժողովրդի աջակցությունը, որ պարտիզանական գնդերով օգնության էր հասնում արքային:

Թվում է` Աշոտը կարողացավ արագ հաղթահարել խոչընդոտները և ազատագրել երկիրը, սակայն դժվարությունները դեռ առջևում էին: Սաջյան Յուսուֆ ամիրային փոխարինած Նասրը և նրա Բեշիր զորավարը մեծ զորքով դարձյալ շարժվեցին Հայաստան: Հասկանալով, որ միայնակ ու բզկտված ուժերով դժվար կլինի դիմակայել թշնամուն, Աշոտ Երկրորդն ուղևորվեց Բյուզանդիա` օգնություն խնդրելու այնտեղ իշխող հայազգի կայսր Կոստանդին Է Ծիրանածինից: Բյուզանդիան, որ իր շահերն էր հետապնդում Հայաստանում, օգնական զորք տրամադրեց Աշոտ Երկրորդին: Սակայն նրան հեշտ պայքար չէր սպասում: Այնուամենայնիվ, Աշոտ Երկաթը կարողացավ կտրուկ հարվածներով մաքրել երկիրը թշնամուց և վերահաստատել իր իշխանությունը:

Սակայն դրանով Հայաստանի խնդիրները չավարտվեցին: Աշոտ Երկաթի դեմ ապստամբեցին Գուգարքի իշխանները` Շամշուլդեի բերդակալներ Վասակ և Աշոտ Գնթունի եղբայրները և Գարդմանի տեր Սահակ Սևադան, որ, ի դեպ, արքայի աներն էր: Արքան գրավեց Շամշուլդեն, մահապատժի ենթարկեց ըմբոստներին, իսկ Սահակ Սևադային ու իր որդուն կուրացրեց: Թվում էր` երկպառակություններն ավարտված են, սակայն շուտով իր հավակնություններով դարձյալ հանդես եկավ Աշոտ Շապուհյանը` փորձելով տիրանալ արքայապատկան հողերին: Գործին դարձյալ միջամտեց Հովհաննես Դրասխանակերտցին և հաշտեցրեց հարազատներին:

Ապա հաջորդեց Ուտիքի Մովսես իշխանի ապստամբությունը: Արքան ճնշեց ապստամբությունը, կուրացրեց և շնորհազրկեց իշխանին: Սակայն շատ չանցած` նրա դեմ ապստամբեց Ուտիքում նոր կարգված կառավարիչը` Ցլիկ Ամրամը: Արքան դժվարությամբ կարողացավ ճնշել նաև Ցլիկ Ամրամի ապստամբությունը:

Ամենածանրը թերևս արքայի հարազատ եղբոր` Աբասի ապստամբությունն էր Աշոտ Երկաթի դեմ: Աբասը, դաշնակցած իր աներոջ` Կախեթի Գուրգեն իշխանի հետ, դավ նյութեց եղբոր դեմ: Արքան չընկավ լարված ծուղակը, հալածեց Աբասին և Գուրգենին երկրից, ասպատակեց Կախեթը:

Այս ամենը պառակտեց երկիրը, թուլացրեց հայոց զինուժը: Նասըր ամիրան, օգտվելով առիթից, դարձյալ արշավեց Հայաստան: Աշոտ Երկաթը փոքրաթիվ զորաբանակով ապաստանեց Սևանա կղզում: Բեշիրը պաշարեց Սևանը:

921 թ. Սևանի մոտ Աշոտ Երկաթը, անակնկալի բերելով թշնամուն, փոքրաթիվ ուժերով սարսափելի ջարդ տվեց թշնամուն, որը ծանր կորուստներով փախուստի դիմեց: Սևանի ճակատամարտը բեկումնային եղավ հայ-արաբական պատերազմում: Ասես մեկ մարդու նման` հայոց իշխաններն ու զորականները ջարդեցինև իրենց գավառներից վտարեցին արաբական զորքերը: Միավորվելով հայոց արքայի հետ` հայ զինուժը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը մաքրեց թշնամիներից: Իր հերթին արաբներին իրենց երկրներից վտարեցին Գագիկ Արծրունի թագավորը, Սահակ և Սմբատ Սյունյաց իշխանները: Հակաարաբական պայքարը համաժողովրդական բնույթ էր ստացել: Արաբական խալիֆը ստիպված էր հաշտվել ստեղծված կացության հետ և 922 թ. Աշոտ Երկաթին շնորհեց «Հայոց և վրաց շահնշահ»` արքայից արքա կոչումը: Սա լիակատար հաղթանակ էր ոսոխի դեմ: Այս հաղթանակով Հայաստանը ամրապնդվեց, և Աշոտ Երկաթի հեղինակությունը մեծացավ:

Սա դուր չեկավ Բյուզանդական կայսրությանը, որ մտավախություն ուներ Հայաստանի և արաբական խալիֆայության մերձեցումից: 922 թ. բյուզանդական բանակը արշավեց Դվինի վրա: Աշոտ Երկաթը, դաշնակցած Դվինի Սբուք ամիրայի հետ, ջարդեց բյուզանդական զորքը, որն ամոթահար նահանջեց...

Առհասարակ Բյուզանդիան վերապահումով էր մոտենում հայոց անկախությանը: Ճիշտ է, բյուզանդական կայսրերը Հայաստանն ընկալում էին որպես անկախ պետություն, սակայն, թերևս բացառությամբ Վասիլ Ա կայսեր, հայոց արքաներին դիմում էին որպես իշխանների:

«Այս Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդ արիության Երկաթ անվանվեց՝ արիության բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։

Քաջարի և երկաթակամ արքան մահացավ երիտասարդ տարիքում` 928 թ.` ժառանգ չթողնելով: Նրա գահը ժառանգեց եղբայրը` Աբասը (928-953), որ Աշոտ Բ Երկաթի զինակիցն ու հայոց զորքերի սպարապետն էր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: