Հայերեն   English   Русский  

​Օ՜, Շանզելիզե, Օ՜, բռնությունների թատերաբեմ


  
դիտումներ: 700

«Արևի թե անձրևի տակ, կեսօրին թե կեսգիշերին, ինչ սիրտդ ուզի, կա Շանզելիզեում»,- երգում էր Ջո Դասենը, անշուշտ, չենթադրելով, որ փարիզցիների սիրտը մի օր էլ սահմռկեցուցիչ բռնություն ու բարբարոսություն կուզենա…

«Դեղին ժիլետների» շարժման ցուցարարների շարքերը թափանցած ջարդարարները երեկ աննախադեպ վնաս հասցրին Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտային, որի ծավալները դեռ հարկ կլինի չափել: Երեկ տեղի ունեցած բողոքի ցույցը 18-րդն էր շարժման պատմության մեջ, որը սկիզբ է առել չորս ամիս առաջ:

«Մի քանի ժամում ավերվել է աշխարհի ամենագեղեցիկ պողոտան»,- դառնությամբ ասել է ՏԱՍՍ-ին բնիկ փարիզցիներից մեկը՝ ցնցված «ճակատամարտից» հետո բացված տեսարանից:

«Տասնութերորդ գործողությունը», որ նշանավորվեց բռնության կտրուկ վերելքով, Փարիզում «դեղին ժիլետներ» էր հավաքել երկրի բոլոր տարածաշրջաններից: Շաբաթօրյա երթերն առավել հոծ դարձնելու նպատակով շարժման ոչ ֆորմալ առաջնորդ, բեռնատարի վարորդ Էրիկ Դրուեն իր տեսաուղերձով կոչ էր արել ֆրանսիական «դեղին ժիլետներին» միանալ Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լեհաստանի համակիրներին:

Փարիզյան կայարաններ ժամանած ցուցարարները մի քանի հոսքերով շարժվում էին դեպի Փարիզի կենտրոն, որպեսզի միանան Ելիսեյան դաշտերում: Կեսօրին արդեն ոստիկանությունը պողոտայում 10 հազար ցուցարար էր հաշվում: Նրանց միացան խռովարար-ջարդարարները, որոնցից շատերը սև հագուստով ու դիմակներով էին: Ոստիկանության համոզմամբ՝ վերջիններիս թիվը ցուցարարների շարքերում առնվազն 1,5 հազար էր:

Շանզելիզեում մոլեգնում էր անսանձ բռնությունը

Բարբարոսները համաշխարհային ճանաչում ունեցող պողոտայում անխնա ավերում էին բարձրակարգ արդյունաբերության նշանավոր խանութները: Նրանք հարձակվեցին Bvlgar ոսկերչական տան, կաշվե աքսեսուարների Longchamp խանութի, թանկարժեք նորաձև հագուստի Lacoste, Tara Jarmon և Hugo Boss խանութների ցուցափեղկերի վրա: Ջարդել են նաև բջջային հեռախոսների խանութի ցուցափեղկը, ջախջախել են օպտիկայի, սուրճի, շոկոլադի, խաղալիքների կրպակները: Վառել են երեք թերթի կրպակ, որոնք պողոտայում երկար տարիներ են գործում: Եվս տասնակ առևտրի կենտրոններ են տուժել բարբարոսների ձեռքից:

Ջարդարարները նաև բանկի մասնաճյուղ հրդեհեցին, որից 11 մարդ տուժեց, այդ թվում և երկու ոստիկան: Առաջին հարկում գտնվող բանկից կրակը տարածվել էր բնակելի շենքի վերին հարկերը, և հրշեջներին հրաշքով հաջողվեց շենքի երկրորդ հարկի բնակարանից փրկել երիտասարդ կնոջն ու նրա երեխային: Կատաղած ջարդարարները կրակի ճարակ դարձրին նաև ավտոմեքենաներ, որոնք տերերը թողել էին ավտոկայանատեղիներում:

Կողոպտվել և հրդեհվել է նշանավոր Le Fouquet's ռեստորանը, որը ներառված է պատմական հուշարձանների ցանկում: 1899 թվականին Շանզելիզերում լիմոնադի գործարանատիրոջ բացած այս ռեստորանն արդեն 120 տարի ծառայում է որպես ամենահանդիսավոր արարողությունների վայր: Տասնամյակներ շարունակ այստեղ ամեն տարի, ի պատիվ «Սեզարի»՝ Ֆրանսիայի գլխավոր կինեմատոգրաֆիական մրցանակի դափնեկիրների, հանդիսավոր ընթրիք է տրվում:

Նախարարների համբերության բաժակը լցվել է

«Ջարդերի և անկարգությունների վարպետները թափանցել են ցուցարարների շարքերը»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները: Նա կարգադրել է ոստիկանության պրեֆեկտուրային «այդ անթույլատրելի գրոհներին պատասխանել ամենայն խստությամբ»: ՆԳՆ-ի ղեկավարը բանկը հրդեհած ջարդարարներին անվանել է «իսկական մարդասպաններ»:

«Մեղավորները դատի կտրվեն և խստագույնս կպատժվեն»,- վստահեցրել է իր հերթին վարչապետ Էդուար Ֆիլիպը: Նա Կաստաների հետ հրահանգներ է տվել ոստիկանության ստորաբաժանումներին:

Փարիզյան փողոցներում կարգուկանոնն ապահովելու համար գործի է դրվել 5 հազար ոստիկան: Անկարգությունների հետևանքով մայրաքաղաքում վիրավորվել են 17 ոստիկան ու հրշեջ և 42 ցուցարար: Ձերբակալվել է 230 մարդ: Իշխանություններին միայն երեկոյան ժամը 7-ին է հաջողվել ցուցարարների հիմնական մասին դուրս բերել Ելիսեյան դաշտերից: Նրանք կիրառել են հատուկ ջրցան մեքենաներ, մեծ թվով գազի և լուսաձայնային նռնակներ:

Իշխանությունների ոչ վերջնական տվյալներով՝ «դեղին ժիլետների» 18-րդ «հաղթարշավը» ողջ Ֆրանսիայում 32,3 հազար մասնակից է ունեցել:

Հանրության համբերության բաժակը նույնպես լցվել է

Լրատվամիջոցներն անողոք քննադատության են ենթարկում իշխանություններին և հատկապես հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի մերձավոր շրջապատին Փարիզում անկարգությունները կանխելու թույլ միջոցների համար: Ինքը՝ երկրի ղեկավարը, մայրաքաղաքում չէր: Արևելյան Աֆրիկայի երկրներ կատարած մի քանի օրվա ուղևորությունից հետո նա որոշել էր հետաձգել վերադարձն առաջիկա օրերին:

Ինչպես հաղորդում է BFM հեռուստակայանի կայքը, իր կարճատև արձակուրդի համար Ֆրանսիայի առաջնորդն ընտրել է լեռնային Լա Մոնժ դահուկային առողջարանը: «Ես այստեղ երկու-երեք օր կանցկացնեմ, որպեսզի ուժերս վերականգնեմ և կրկին տեսնեմ ծանոթ տեսարաններն ու բարեկամներիս դեմքերը»,- հայտնել է երկրի ղեկավարը տեղի լրագրողների հետ զրույցի ընթացքում: Սակայն շաբաթ օրվա վերջին Մակրոնն այնուամենայնիվ որոշել է ընդհատել հանգիստը և վերադառնալ Փարիզ: Ըստ Gala կայքի՝ չնայած կարճատևությանը՝ լեռնային արձակուրդը մայրաքաղաքի ցույցերի ընթացքում «կարող է թանկ նստել նախագահի համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: