Հայերեն   English   Русский  

​Բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել սոցցանցերից կախվածությունը հիվանդություն համարել


  
դիտումներ: 381

Բրիտանական խորհրդարանի մի խումբ, որ զբաղվում է սոցիալական մեդիայի և երիտասարդության հարցերով, Բնաչության առողջության թագավորական ընկերության (RSPH) մասնագետների հետ համատեղ զեկույց է պատրաստել երեխաների և երիտասարդության հոգեկան առողջության և ինքնազգացողության վրա սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության մասին:

Ելնելով հավաքված տվյալներից՝ մասնագետները հայտարարում են, որ աճել է երեխաների և երիտասարդության կախվածությունը սոցիալական ցանցերից, ինչը, իրենց կարծիքով, անհրաժեշտ է համարել հիվանդություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը շտկելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պատանիները սոցցանցերում անցկացնում են օրական միջինը 3-4 ժամ, դրանից վատանում է քնի տևողությունը և որակը, իջնում է ինքնագնահատականը, նրանք կարող են կիբեռբուլլինգի զոհ դառնալ, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է ինքնասպանության և այլն: Բացի այդ, այն երեխաների 27 տոկոսի մոտ, որոնք 3 և ավելի ժամ են անցկացնում սոցցանցերում, հայտնաբերվում են հոգեկան խանգարումների ախտանշաններ, մինչդեռ սոցցանցերից չօգտվող երեխաների մոտ այդ ցուցանիշը կազմում է 12 տոկոս:

Հաշվի առնելով բոլոր հավաքված տվյալները՝ խորհրդարանականները հայտարարում են, որ «առաջին անհրաժեշտության խնդիր է երեխաների և երիտասարդության պաշտպանությունը, որպեսզի նրանք լինեն անվտանգության մեջ և նրանց առողջությունը չտուժի, երբ նրանք գտնվում են սոցցանցում»: Խորհրդարանականները կոչ են անում բրիտանական կառավարությանը մշակել միջոցների ցանկ, որպեսզի մինչև 24 տարեկան երիտասարդ մարդկանց թույլ չտրվի չափից ավելի օգտվել սոցցանցերից: Բացի այդ, նրանք կոչ են անում ուշադրություն դարձնել հանրաճանաչ սոցցանցերի աշխատանքին, ինչպիսիք են ֆեյսբուքը, ինստագրամը և թվիթերը, որոնք կարող են ավերիչ ազդեցություն ունենալ երեխաների վրա՝ ձգտելով հնարավորինս երկար պահել նրանց իրենց կայքերում:

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն հայտարարել են սոցցանցերի դեմ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին, ընդհուպ դրանց փակումը, եթե դրանք չուժեղացնեն վնասակար բովանդակության դեմ պայքարը, որով կարող են երեխաներին և երիտասարդներին դրդել ինքնասպանության կամ ինքնավնասման:

Իսկ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությունը, մեկնաբանելով The Guardian-ի համար խորհրդարանական խմբի զեկույցը, հայտարարել է. «Կառավարությունն առաջիկայում կհրապարակի նորմատիվ փաստաթուղթ, որում նշված կլինեն օնլայն հարթակների պատասխանատվության միջոցները, եթե դրանք իրականացվեն: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մենք գործողությունների մի քանի տարբերակ ենք դիտարկում. ինտերնետ կարգավորիչի ստեղծում, հարթակների համար խոցելի օգտատերերի շահերը հաշվի առնելու իրավաբանորեն ամրագրված պարտականություններ և սոցցանցերից որոշակի գումարների գանձում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: