Հայերեն   English   Русский  

ԱՇՈՏ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆԻ`«բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»


  
դիտումներ: 9230

Վասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»

Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):

Նրա կյանքն անցավ պատերազմական թոհուբոհի և դիվանագիտական խարդավանքների մեջ: Ամեն դեպքում Աշոտ Ա Բագրատունին իր երկրի և ժողովրդի նվիրյալն ու հերոսն էր:

Երիտասարդ տարիքում` 855 թ., նա ստանձնեց հայոց սպարապետությունը:

Ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Նոր էր ավարտվել Բուղայի արշավանքը, երբ արաբ զորավարը 200-հազարանոց բանակով ավերակների կույտի վերածեց Հայաստանը: Հեռանալով Հայաստանից` Բուղան իր հետ պատանդ տարավ հայ ազդեցիկ իշխաններին: Մի խոսքով, երկիրն անտերության էր մատնված: Այս պայմաններում Աշոտ իշխանի ուսերին ծանր պարտավորություն էր դրված. համախմբել տեղի ուժերը, վերակազմավորել հայոց բանակը, վերացնել Բուղայի արշավանքների հետևանքները, երկիրը տնտեսապես հզորացնել և հիմքեր ստեղծել նրա անկախության հռչակման համար:

Երբ 859 թ. Հայաստանի ոստիկան նշանակվեց ծագումով հայ Ալի իբն Յահիա ալ-Արմանին, վերջինիս միջնորդությամբ արաբ խալիֆը 862 թ. Աշոտ Բագրատունին արաբ խալիֆայից ստացավ նաև Հայոց իշխանի կոչումը: Իրավական առումով նա դարձավ հայոց մեջ գահերեց իշխան` առաջինը Արմինիա փոխարքայության մեջ, որով նրա վրա էր դրվում հսկա վարչատարածքային միավորի կառավարումը, հարկահանությունը, կազմակերպումը... Մի խոսքով, նրա ձեռքին կենտրոնացավ Հայաստանի ռազմական, տնտեսական, վարչական իշխանությունը: Ստանձնելով նոր պաշտոնը` նրա առաջին գործը եղավ Հայաստանից գանձվող հարկերի կրճատումը երեք անգամ: Արաբ իբն !որդադբեհ պատմիչի հավաստմամբ` Աշոտ Բագրատունու իշխանության ժամանակաշրջանում Արմինիան նախկին 13 միլիոն դիրհեմի փոխարեն խալիֆայությանը վճարում էր ընդամենը 4 միլիոն դիրհեմ հարկ:

863 թ. Հայաստանի վրա մեծ զորքով հարձակվեց արաբական կայսիկների ցեղապետ Ջահապը: Սակայն Արշարունյաց գավառի Քառասունք կոչված վայրում հայոց բանակը` Աշոտ և Աբաս Բագրատունիների հրամանատարությամբ, սոսկալի ջարդ տվեց ոսոխին և վտարեց երկրից:

Ստանձնելով հայոց իշխանի պաշտոնավարումը` նա հայոց զորքերի սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը` Աբաս Բագրատունուն: Վերջինս ամրացրեց և մեծացրեց հայոց բանակի թվաքանակը` հասցնելով 40 հազար զինվորի:

Առհասարակ, արդեն VII դարից Բագրատունիներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունների մեծ մասը: Նրանք տիրացան պատմական ասպարեզից աստիճանաբար հեռացող Մամիկոնյանների և Կամսարականների կալվածքներին, Հայաստանի կենտրոնական գավառներում ձեռք բերեցին գերիշխող դիրք ու հեղինակություն: Նրանց հետ այդ իմաստով կարող էին մրցել միայն Սյունյաց և Արծրունյաց իշխանները, սակայն առաջինների տիրույթները սահմանափակվում էին Սյունիքով, իսկ երկրորդներինը` Վասպուրականով: Այս երեք հզոր իշխանական տները, միմյանց հետ մրցակցելով, ձեռք ձեռքի տված պայքարում էին Հայաստանն արաբական լծից ազատելու համար:

Աշոտ Բագրատունուն ժամանակակից Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչն ասում է. «Եվ այսպես հայոց բոլոր նախարարներից ամենապատվականը և առաջինը նա եղավ, և ամենքը դաշինք էին կապում նրա հետ՝ որպես իսկական թագավորազնի հետ։ Այլև բոլորի մտքում կար, որ եթե հարկավոր դեպքը վրա հասնի, որ նաև նրա տոհմը արժանի լինի թագավորական տոհմերի շարքը դասվելու, նրանց պետք է ընտրել այլ նախարարական տոհմերի միջից»։

Կարճ ժամանակում Աշոտ Բագրատունին համախմբեց երկրի կարող ուժերին ու նախապատրաստվեց Հայաստանի անկախության հռչակմանը: Արաբների գերիշխանությունը Հայաստանում լրիվ ձևական բնույթ ուներ այլևս: Այս գործում Աշոտ Բագրատունուն օգնում էին հայոց բոլոր ազդեցիկ նախարարական տները, հատկապես` Արծրունիներն ու Սյունիները:

Աշոտ Բագրատունու ազդեցությունն ու հեղինակությունը չափազանց մեծ էր նաև Հայաստանի սահմաններից դուրս: Շուտով Բյուզանդիայում գահ է բարձրանում ազգությամբ հայ Վասիլ Ա կայսրը (Բարսեղ): Վասիլը, լինելով աննշան տոհմի իշխան, իրեն վերագրեց Արշակունի ծագում: Քանի որ վաղ միջնադարում` Արշակունյաց թագավորության օրոք, Բագրատունիները Հայաստանում թագադիր ասպետներն էին, հայոց արքայի թագադրումը կատարվում էր հենց նրանց ձեռքով, Վասիլ Ա կայսրը պատգամավոր ուղարկեց Աշոտի մոտ` խնդրելով հին ավանդույթի համաձայն թագ ուղարկել իրեն:

Որքանով էր պետք Վասիլ Ա-ին Արշակունի տոհմանունը` կարևոր չէ. էականն այն է, որ Աշոտ իշխանն իսկապես միջազգային մեծ հեղինակություն և ուժ ուներ, քանզի նրա հետ հաշվի էին նստում ժամանակի մեծ կայսրությունների տիրակալները: Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, որ նույնպես ազգությամբ հայ էր, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:

Միջազգային դիվանագիտության ասպարեզում Աշոտ Բագրատունին իր հեղինակությանը հասավ` խոհեմաբար օգտագործելով արաբա-բյուզանդական հակամարտությունը:

Նրա կարևորագույն վաստակը Հայաստանի միավորումն էր ընդհանուր գաղափարի` անկախության շուրջ: Նա Սյունյաց և Արծրունյաց իշխանական տներն իրեն կապեց խնամիական կապերով և դաշինքներով, ամրապնդեց հայոց բանակը:

860-ական թթ. Աշոտ Ա-ի թագավորությունը ճանաչելու և դավանաբանական միության առաջարկով հանդես եկավ Բյուզանդական կայսրությունը` հանձին Պոլսի Փոթ պատրիարքի: 869 թ., Շիրակավանի ժողովում քննարկելով Բյուզանդիայի առաջարկը, Աշոտ Բագրատունին պատասխան նամակում մերժում է դավանաբանական միության առաջարկը, փոխարենն ակնարկում, որ Հայաստանը կողմ է Բյուզանդիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը: Նույն ժողովում հայոց իշխաններն արդեն Աշոտ Բագրատունուն ճանաչում են հայոց թագավոր և որոշում դիմել արաբ խալիֆին` ճանաչելու հայոց թագավորությունը և Աշոտի իշխանությունը:

Շուտով արաբները դավադրություն են ծրագրում Աշոտի և Հայաստանի դեմ: !ալիֆի կողմից Արմինիայի ոստիկան է նշանակվում Ահմեդ անունով մեկը: Սա գալիս է Հայաստան: Սահմանագլխին նրան դիմավորում են հայ իշխանները: Աշոտ իշխանը, հարկ չհամարելով անձամբ ներկայանալ ոստիկանին, ուղարկել էր իր կրտսեր եղբայր

Շապուհին: Ահմադը, տեսնելով հայերի հզորությունը, նամակ է ուղարկում Պարտավի ամիրա Եմենեկ Մուհամմադին` առաջարկելով, որ երբ ինքը հասնի Դվին, կեղծ պատերազմով առաջանա իր դեմ: Արաբների պլանի համաձայն` հայերին պետք է ծուղակը գցեին, բռնեին, բոլոր իշխաններին սպանեին: Սակայն քնած չէին Աշոտ Բագրատունին և Աբաս սպարապետը: Նրանք բոլոր ճանապարհներին նախապես հետախույզներ էին տեղադրել, որոնք էլ ձեռք են գցում Ահմադի նամակը Մուհամմադին: Աշոտ Ա-ի ցուցումով շուտով տարբեր պատրվակներով Ահմադին լքում են դիմավորելու եկած բոլոր հայ իշխանները: Երբ ոստիկանը հասնում է Դվին, Աշոտ Ա-ն նվերներով գնում է նրա մոտ` միաժամանակ հրահանգելով սպարապետին զորքով մտնել քաղաք:

Երբ Աբաս սպարապետը մտնում է Ահմադ իբն !ալիդի մոտ ու նրան պարզում Մուհամմադին ուղղված նամակը, ամեն ինչ արդեն պարզ է լինում: Արաբ զորքը զինաթափվում է, իսկ Ահմադին նստեցնում են ջորուն և հետ ուղարկում Բաղդադ ասելով. «Գնա այնտեղ, որտեղից եկել ես...»: Այսպես անփառունակ վերջ է ունենում արաբների տիրապետությունը Հայաստանում:

Դեռևս 870-ական թթ. հայ իշխանները դիմել էին արաբ խալիֆին` պահանջելով Աշոտ Բագրատունուն ճանաչել հայոց թագավոր: Աշոտի թագավորությունը պատրաստ էր ճանաչել նաև Բյուզանդական կայսրությունը: Հայերին դավանակից Բյուզանդիայից հեռու պահելու համար Մութամիդ խալիֆը 885 թ. առաջինն է ճանաչում Աշոտ Ա-ին որպես հայոց թագավոր և նրան թագ ու արքայական նշաններ է ուղարկում: Չի ուշանում նաև Բյուզանդիայի պատասխանը. Վասիլ Ա կայսրը նույնպես ճանաչում է Աշոտի թագավորությունը:

Այսպիսով հայոց անկախությունը 885 թ. ստանում է միջազգային ճանաչում: Աշոտ Ա գահերեցությունը ճանաչում են նաև Վրաստանն ու Աղվանքը:

Աշոտ Առաջինի մայրաքաղաքը Բագարան քաղաքն էր, այստեղ էլ Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Առաջինին հանդիսավորությամբ օծեց հայոց թագավոր, որով հիմք դրվեց Բագրատունիների թագավորական հարստության (885-1045):

Գահ բարձրանալով` նա արշավեց հյուսիս` կովկասյան լեռնականների վրա, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը: Աշոտ Ա-ն ճնշեց լեռնականներին, իր իշխանությունը վերահաստատեց հյուսիսում և նրանց վրա հսկողություն սահմանելու նպատակով Գուգարքում կառավարիչ նշանակեց իր ավագ որդուն և գահաժառանգին` Սմբատին: 888 թ. վրաց իշխաններից Գուրամ Բագրատունին փորձեց ոտնձգություններ անել Գուգարքի նկատմամբ, սակայն Աշոտ Ա-ն ճնշեց նրա ելույթը, սպանեց Գուրամին, իսկ նրա տիրույթները բռնագրավեց:

Մեծ զորավարը և դիվանագետը վախճանվեց 890 թ.` զառամյալ հասակում` որդուն` Սմբատ Ա արքային (890-914) թողնելով ընդարձակ ու ծաղկուն երկիր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: