Հայերեն   English   Русский  

​Բեռլինը շանտաժների չի ենթարկվում. Հայկո Մաաս


  
դիտումներ: 458

Գերմանիան ինքնուրույն և կշռադատված որոշում կընդունի 5G ցանցերի ներդրման ժամանակ Huawei-ի մասնակցության մասին և թույլ չի տա երրորդ երկրներին շանտաժի ենթարկել իրեն այդ հարցում: Այս մասին հայտարարել է հարցազրույցում ԳԴՀ ԱԳՆ-ի ղեկավար Հայկո Մաասը, որը հրապարակվել է այսօր գերմանական Markische Oderzeitun թերթում:

Դրան նախորդել էր DPA գործակալության հաղորդումն այն մասին, որ Վաշինգտոնը սպառնացել է Բեռլինին կրճատել գաղտնի տեղեկատվության ծավալը, եթե չինական ընկերությունները մուտք ստանան գերմանական ցանցեր:

«Գերմանիան երբեք թույլ չի տվել շանտաժի ենթարկել իրեն, և կարևոր չէ, թե ինչի կամ ում մասին է խոսքը: Դաշնային կառավարությունն արդեն մի քանի շաբաթ մանրակրկիտ քննարկում է 5G ցանցերի ներդրման ժամանակ չինական Huawei կոնցեռնի մասնակցության հարցը: Այն հարցերը, որոնք վերաբերում են անվտանգության քաղաքականությանը, աներևակայելի կարևոր են, երբ խոսքն այն բաների մասին է, որոնք ազդում են մեր կյանքի բազմաթիվ կողմերի վրա,- ասել է Մաասը:- Մեզ պետք չէ գնալ դատարկ փոխզիջումների: Այդ հարցում մեզ խորհրդատվություն պետք չէ: Մենք ինքներս որոշում կընդունենք»:

Ավելի վաղ Բեռլինը որոշում էր ընդունել չհրաժարվել Huawei-ի սարքավորումներից հինգերորդ սերնդի բջջային կապի համակարգեր ներդնելիս, սակայն էապես խստացնել անվտանգության չափորոշիչներն ու միջոցները: Այդ ընկերությունը հայտնվել է տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ համաշխարհային մակարդակով, երբ ԱՄՆ-ն և Ավստրալիան մեղադրել են նրան տեխնիկական լրտեսության և տարբեր երկրներում իր սարքավորումների միջոցով գաղտնի տվյալներ հավաքելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: