Հաագայի դատարանը Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ բանտարկության
2016 թ. Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը Հաագայում բոսնիական սերբերի նախկին առաջնորդին մեղավոր ճանաչեց Բոսնիայում և Հերցեգովինայում կատարված հանցագործությունների մեջ մեղադրանքի 11 կետերից 10-ի մասով, այդ թվում էթնիկ զտումների, մարդկանց զանգվածային վտարումների և Սրեբրենիցեում կատարված ցեղասպանության մասով:
Կարաջիչին դատապարտեցին 40 տարվա բանտարկության, նույն տարում պաշտպանությունը բողոքարկում ներկայացրեց:
Անցած տարվա ապրիլի դատաքննության ժամանակ մեղադրող կողմը պահանջեց նախկին նախագահի ցմահ բանտարկություն:
Նախկին քաղաքական գործիչ, մասնագիտությամբ հոգեբույժ և բանաստեղծ Կարաջիչը Սերբիական Բոսնիայի և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ է եղել 1992-1996 թթ.:
1992 թ. Բոսնիան և Հերցեգովինան հայտարարեց Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, որից հետո հանրապետությունում պատերազմ սկսվեց բոսնիական մահմեդականների, սերբերի և խորվաթների մասնակցությամբ, որը տևեց մինչև 1995 թ.: Փորձագետների գնահատականներով՝ հակամարտության զոհ է դարձել մոտ հարյուր հազար մարդ: Պատերազմի սկզբին Բոսնիայի և Հերցեգովինայի բնակչությունը կազմում էր ավելի քան 4 մլն մարդ: Պատերազմական գործողությունների ավարտից և 1995 թ. տրիբունալի առաջդրած մեղադրանքից հետո Կարաջիչը 13 տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից: Նրան ձերբակալել են 2008 թ. հուլիսի 21-ին Բելգրադում և հանձնել Հաագային: