Հայերեն   English   Русский  

​Բարի ցանկություններով է սալարկված նաև դժոխքի ճանապարհը


  
դիտումներ: 627

Վերջերս Կենտրոնական բանկը մշակել է ՛՛Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ՛՛ հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման նախագիծը,

որը լայն քննարկումների առիթ դարձավ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց նախագծի բացասական կողմերի մասին։ Ըստ նրա՝ եթե նախագիծը մշակողների նպատակն է եղել պայքարել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և թմրամիջոցների դեմ, ապա այն ընդունելի է։

՛՛Կենտրոնական բանկի մշակած այս նախագիծը բխում է Վարշավայի և ՄԱԿ-ի հաստատած կոնվենցիաներից։ Պետք է հիշել աստվածաշնչյան այն խոսքը, որ բարի ցանկություններով է սալարկված դժոխքի ճանապարհը։Եվ այստեղ է, որ ես ունեմ մտահոգություն, որ նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո կարող է փոփոխությունների ենթարկվել և խախտել մարդկանց սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Այսինքն մեղադրյալը կարող է զրկվել իր սեփականությունից առանց դատարանի կայացրած վճռի։ Բացի այդ մենք նաև օտարերկրյա ներդրողների համար ենք մտահոգություններ ստեղծում այս քայլով։ Ոչ ոք չի ցանկանա կորցնել իր ունեցվածքը առանց հստակ որոշման՛՛,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Կենտրոնական բանկի մշակած նախագծի համար արդեն ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որն էլ զբաղվում է նախագծի քննարկմամբ։ Բանախոսը անդրադարձավ նաև առաջիկայում սպասվելիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Ըստ Խոսրով Հարությունյանի՝ միանշանակ է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին՝ որպես երրորդ կողմ։

՛՛Դեռևս 1998 թվականին, երբ ես Ազգային ժողովի նախագահ էի, օրակարգում էր Ղարաբաղը բանակցային սեղան բերելու հարցը։ Դե ֆակտո Ղարաբաղը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, քանի որ համանախագահող երկրները, Հայաստան ու Ադրբեջան այցելելիս, այցելում են նաև Արցախ։Ես վաղուց եմ ասել, որ ընդհանրապես ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծում կստանա, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան իրական ժողովրդավարական երկրներ։ Մեր պարագայում կարծես ինչ-որ չափով հասել ենք դրան, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։ Միանշանակ մի կողմի զիջումների և քայլերի արդյունքում ոչնչի չի լինի հասնել։ Մինչ բանակցելը կողմերը պետք է հստակեցնեն իրենց հետագա անելիքները, քանի որ բանակցային սեղանին ասված յուրաքանչյուր բառի համար պետք է պատասխանատվություն կրել՛՛,- նշեց բանախոսը։

Սակայն ըստ Խոսրով Հարությունյանի ՝քիչ է հավանականությունը առաջիկայում Արցախին տեսնել որպես բանակցային կողմ, քանի որ համանախագահները տարիներ շարունակ իրենց կատարած աշխատանքից դժվարությամբ կհրաժարվեն։

Լիանա Եղիազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: