Հայերեն   English   Русский  

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է իշխանություններին տանկի գործարանը Կատարին վաճառելու համար


  
դիտումներ: 483

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն

մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավում քննադատել է իշխանություններին տանկի գործարանը Կատարին վաճառելու համար:

Քըլըչդարօղլուն Օրդուի շրջանում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տնտեսական մի շարք խնդիրների, խոսքը ուղղել է ազգայնականներին:

«Դուք մեզ ահաբեկիչ եք անվանում: Հենց պահը գալիս է, որ պետք է պահպանեք երկրի զինագործարանները, դա մե՞զ եք թողնում: Ինչու՞ մյուսները չեն պահպանում: Ե՞ս եմ հայրենասերը, թե՞ դու: Ե՞ս եմ ազգայնական, թե՞ դու: Ասում են` «Մենք չենք վաճառում»: Խնդրեմ, տեսեք»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Ընդդիմադիր կուսակցապետը, այնուհետև խոսելով Կատարին վաճառված գործարանի մասին, խոսքն ուղղել է Թուրքիայի նախագահ Էրդողանին.

«Իմ գործարանում տանկ են արտադրելու, ինձ վրա են վաճառելու: Հարցնում եմ՝ ինչու՞ տվեցիր Կատարի բանակին: Ասում են, թե պետության հնարավորություններով այս գործարանը արդիականացնելու անհրաժեշտ է 50մլն դոլար: 9-10 հատ ինքնաթիռ ունես, ամենափոքր ինքնաթիռդ վաճառիր, 150 մլն դոլար է»:

Քըլըչդարօղլուն իշխանությունների այդ քայլը որակել է Թուրքիայի Հանրապետության նկատմամբ դավաճանություն:

Կուսակցապետն Էրդողանից պահանջել է չեղյալ համարել Կատարի հետ կնքած պայմանագիրը և շեշտել, որ եթե ինքը գործարանի արդիականացման համար չկարողանա ճարել 50մլն դոլար, ապա կդադարի զբաղվել քաղաքականությամբ:

«Բա որ վաղը չէ մյուս օրը Կատարի հետ մեր հարաբերությունները սրվեն, ի՞նչ պետք է լինի: Այդ ե՞րբ հանկարծ սեր առաջացավ Կատարի հանդեպ»- հարցադրում է արել Քըլըչդարօղլուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: