Հայերեն   English   Русский  

Արխիվը յուրաքանչյուր ազգի հիշողությունն է


  
դիտումներ: 3096

Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված հիշատակի և տոնական օրերին: Այս թեմաների շուրջ է մեր զրույցը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ:

- Կառավարությունը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ արխիվային նյութերի թվայնացման գործընթացին, ինչքանո՞վ էր այն անհրաժեշտ:

- Այսօր՝ XXI դարում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, արխիվը Հայաստանում և ողջ աշխարհում կանգնել է նոր մարտահրավերների առջև: Մեր օրերում արդեն թղթե կրիչով փաստաթղթերի հետ զուգահեռ ստեղծվում են նաև էլեկտրոնային փաստաթղթեր, և անհրաժեշտ է մտածել դրանց պահպանման, դասակարգաման և օգտագործման մասին: Խնդիրը բարդանում է նրանով, որ աշխարհում տեխնիկական առաջընթացը տեղի է ունենում արագ տեմպերով, և անհրաժեշտություն է առաջանում մտածելու նոր տեխնիկական լուծումների, արդիականացման ուղղությամբ: Երկրորդ հարցն արդեն իսկ արխիվում գոյություն ունեցող փաստաթղթերի թվայնացումն է, որը կերկարացնի նրանց կյանքը, ինչպես նաև կդարձնի օգտագործման համար առավել մատչելի: Արխիվում էլեկտրոնային քարտարանների ստեղծումը սկսել ենք շուրջ տասը տարի առաջ, իսկ բուն թվայնացումը՝ 3-4 տարի առաջ: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է շուրջ 400 մլն փաստաթուղթ, և այս պահին թվայնացված է դրանց 0.05 տոկոսը: Սա այնքան էլ մեծ թիվ չէ, և դա հաշվի առնելով է, որ արխիվի նոր նախատեսվող հայեցակարգով պլանավորվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով Հայաստանի արխիվային համակարգը կհամապատասխանեցվի համաշխարհային ստանդարտներին:

- Ի՞նչ վաղեմություն ունեն արխիվում պահպանվող փաստաթղթերը, և ի՞նչ մեխանիզմով են դրանք հավաքվում:

- Արխիվում պահապանվող փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում են 1828 թ. հետո ընկած ժամանակաշրջանին, երբ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այս կամ այն կերպ սկսվեց պետական փաստատթղթերի համակարգումն ու արխիվացումը: Իսկ առավել համակարգված այն սկսվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ամենահին փաստաթղթերը վերաբերում են XVI-XVII դարերի պարսկական տիրապետության շրջանին: Հայկական փաստաթղթերի մի զգալի մասն էլ պահվում է ԱՄՆ Բոստոն քաղաքում, որոնք հիմնականում առաջին հանարապետության տարիների փաստաթղթերն են և այնտեղ են հայտնվել Հայաստանից հեռացած դաշնակցական գործիչների միջոցով:

- Որևէ պետության ու հատկապես մեր երկրի համար որքանո՞վ է կարևորվում այս կառույցի գործունեությունը և ի՞նչ քայլեր են արվում այն առավել արդիականացնելու ուղղությամբ:

- Արխիվը ազգի հիշողությունն է, և դրա պահպանումը կարևոր աշխատանք է սերունդների համար: Մեր տնօրենի՝ Ա.Վիրաբյանի նախաձեռնությամբ պատրաստվող նոր հայեցակարգի շնորհիվ, փաստորեն, արխիվային գործը ՀՀ-ում կթևակոխի զարգացման նոր փուլ:

- Կա՞ն արդյոք այնպիսի նյութեր, որոնք հանդիսանում են անձնական սեփականություն և որոնց կիրառումն ու արտատպումը տարբեր նպատակներով արգելվում է:

- Նշեմ, որ արխիվում գտնվող բոլոր փաստաթղթերը, անկախ նրանց ծագումից, ապագաղտնիացված են, լինեն պետական թե անձնական արխիվներ: Անձնական արխիվները հիմնականում հայտնի պետական մշակութային գործիչների գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են, որոնք հաճախ իրենք կամ ժառանգները տրամադրում են մեզ: Արխիվային փաստաթղթերի օգտագործումը և դրա սահմանափակումը կարգավորվում են օրենքով և հիմնականում վերաբերում են այն նյութերին, որոնք պարունակում են նեղ անձնական բնույթի տեղեկատվություն: Մեր արխիվները, ի տարբերություն, ասենք` թուրքական արխիվների, բաց են բոլոր հետազոտողների համար, անգամ` օտարերկրյա, և նշեմ, որ տարեկան բազմաթիվ հետազոտողներ ենք ունենում արտասահմանից:

Նշենք, որ փաստաթղթերի թվայնացումը Հայաստանի ազգային արխիվում սկսվել է 2011 թ., իսկ ֆիլմերի (խոսքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերի մասին է) թվայնացման աշխատանքները սկսվել են 2008-ին: Ազգային արխիվում պահվող շուրջ 1500 վավերագրական ֆիլմերից 1000-ն արդեն թվայնացվել են:

Լ.Ն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: