Հայերեն   English   Русский  

Մարիանա Սահակյան. «Ցանկանում եմ, որ հայ կանայք առողջ լինեն, միշտ ուրախ ու կանքով լի»


  
դիտումներ: 995

Վերջերս Լիբանանում կայացած սեղանի թենիսի «Գարնան գավաթի» խաղարկությունում ինչպես միշտ իրեն հավասարը չունեցավ Լիբանանի բազմակի չեմպիոնուհի, բազմափորձ ու բազմատիտղոս մարզուհի, ծնունդով երևանցի Մարիանա Սահակյանը:

Տարիներ շարունակ հայ մարզուհին առաջատարի դիրքերը չի զիջում մրցակիցներին. Լիբանանի սեղանի թենիսի դասակարգման աղյուսակի առաջատարն է ու երկրի թիվ 1 ռակետը:

Մարիանա Սահակյանը Անկախի հետ զրույցում պատմում է մարզաձևի ընտրության, անցած մարզական ուղու և հաջողության հասնելու գրավականի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ. տարվա մեկնարկային ստուգատեսում հերթական անգամ հաղթող ճանաչվեցիք` մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտալով և 3:0 հաշիվներով հաղթելով:

-Շնորհակալ եմ: Մրցակիցներս, երբ իմանում են, որ վիճակահանության արդյունքում ինձ հետ են խաղալու, կատակով ասում են, որ չեն խաղա, քանի որ կռահում են ելքը: Իսկ պարտությունից հետո պայքարը չեն կարող շարունակել: Լիբանանում էլ Հայաստանի պես առաջնությունուններում ավելի շատ երիտասարդ մարզուհիներ են հանդես գալիս, մեծահասակներ գրեթե չկան:

-Տեղյակ եմ, որ ապրիլին մասնակցելու եք աշխարհի անհատական առաջնությանը: Այլ մրցաշարեր կլինե՞ն

Մարիանա Սահակյան

տարվա ընթացքում:

-Այս տարի այնքան էլ շատ չեն մրցաշարերը: Ապրիլի 21-29-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեմ աշխարհի անհատական առաջնությանը: Տարվա ընթացքում կմասնակցեմ նաև Ինդոնեզիայում կայանալիք Ասիայի խաղերին, Լիբանանի թիմային և անհատական առաջնություններին: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու նաև օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերին, որի համար շուտով հայտ կուղարկեմ: Անհատական պայքարում Համահայկական խաղերի չեմպիոն եմ դարձել, նաև, թիմային պայքարում հանդես գալով, 2-րդ տեղն եմ զբաղեցրել` Արցախը ներկայացնելով:

-Ձեր մարզական ուղին ինչպե՞ս սկսեցիք: Լիբանանում ինչպե՞ս հայտնվեցիք:

- Հայրս` Հրանտ Սահակյանը, զբաղվել է սեղանի թենիսով: 6 տարեկան էի, երբ նա տարավ ինձ խաղալու: Հիշում եմ` անգամ հասակս չէր բավականացնում, բայց հայրս ինձ համար հատուկ աստիճան էր պատրաստել, որպեսզի գլուխս սեղանից գոնե մի քիչ բարձր լինի:

Հայրս գալիս էր բոլոր մրցումներին: Խաղից առաջ դահլիճում պարտադիր աչքերով փնտորմ էի նրան, գտնում և հետո միայն սկսում էի խաղալ: Այդպես սկսվեց ու մինչ օրս շարունակվում է իմ մարզական օղին
6 տարի է` հիմնական բնակվում և հանդես եմ գալիս Լիբանանում: Այդ ընթացքում հասցրել եմ նվաճել բոլոր-բոլոր հնարավոր մրցանակներն ու տիտղոսները: Նշեմ, որ առաջին անգամ Լիբանան եմ եկել 1997 թվականին` մասնակցելով ակումբային առաջնության:

-Սպորտում հանդես գալու տարիների փորձ ունեք: Ի՞նչ է տվել սպորտը և ի՞նչ է հարկավոր մարզիկին հաջողության հասնելու համար:

- Սպորտի շնորհիվ ամեն դժվարություն հաղթահարել եմ կյանքում, սովորել եմ չվհատվել, վայելել եմ հաղթանակների բերկրանքը, միևնույն ժամանակ, շրջագայել եմ աշխարհով մեկ, ծանոթացել եմ տարբեր մշակույթների ու ազգությունների մարդկանց հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ սպորտի շնորհիվ յուրաքանչյուր մարզիկ ձեռք է բերում մարդկային որակական բարձր հատկանիշներ:

Ուրախ եմ, որ ընտրել եմ այս ճանապարհը, որի համար երբեք չեմ փոշմանում:
Սպորտում հաջողության հասնելու համար պետք լինել է աշխատասեր, հավատալ սեփական ուժերին: Ժամանակի ընթացքում ձեռք ես բերում նաև փորձ, որի շնորհիվ վստահությունն ամրապնդվում է: Ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար մարդ պետք է ներդնի բոլոր ուժերը և վստահաբար շարժվի առաջ:

-Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է, շնորհավորում ենք Ձեզ:

-Շնորհակալ եմ: Ես նույնպես շնորհավորում եմ հայ կանանց և ցանկանում եմ, որ առողջ լինեն, միշտ ուրախ ու կյանքով լի, միևնույն ժամանակ, զբաղվեն սպորտով, քանի որ սպորտը կոփում, ավելի վստահ ու եռանդուն է դարձնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: