Հայերեն   English   Русский  

​Էրդողանը Թուրքիայի ընտրությունները համարել է ժողովրդավարության դաս ողջ աշխարհի համար


  
դիտումներ: 457

Անցած կիրակի Թուրքիայի տեղական ընտրություններում բարձր մասնակցությունը ժողովրդավարության դաս է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Տեղական ինքնակառավարման ընտրություններն ավարտված են: Օրակարգում միայն ԿԸՀ-ում ստացված բողոքների իրավաբանական գործընթացն է: Մարտի 31-ի ընտրությունների վերջնական որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի, և հարցը կփակվի: «Ժողովրդի միությունը» (խմբակցություն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մասնակցությամբ) ստացել է ընտրություններում ձայների 53,3 տոկոսը: Նա հաղթանակ է տարել Ստամբուլի 39 համայնքներից 25-ում: Մասնակցությունը ընտրություններում հասել է 83 տոկոսի: Դա ժողովրդավարության դաս է ողջ աշխարհի համար, և մեր ներքին գործերին Արևմուտքի խառնվելու փորձերն անընդունելի են»,- ասել է Էրդողանը լրագրողներին:

Ավելի վաղ ԱԶԿ-ն բողոք էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ, ըստ որոնց՝ հաղթում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: ԿԸՀ-ն ձայների վերահաշվարկ է անում:

Իշխող ԱԶԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի 39 գավառներում, մասնավորապես նրա թեկնածուները հաղթել են Բուրսայի, Գազիանթեփիի, Տրաբզոնի, Սամսունի, Կայսերիի քաղաքապետի ընտրություններում: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածուների օգտին ընտրողները ձայն են տվել 21 գավառներում, որոնց թվում են Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Անթալիան, Ադանան:

Տեղական ինքնակառավարման ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվում են հինգ տարին մեկ, ընտրվում են քաղաքապետները, համայնքապետարանների ղեկավարները, գյուղական և շրջանային ավագները և գյուղական խորհուրդների պատգամավորները:

Սպասվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մի քանի օրվա ընթացքում, բողոքները քննելուց հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: