Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ մաս 6-ի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը


  
դիտումներ: 627

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մաս 6-ի («Առևտուր և առևտրին առնչվող հարցեր») կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն առաջին քննարկումը։

Կառավարության կողմից քննարկմանը ներկա էին ՀՀ շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էդգար Ճաղարյանը և կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նիստին ներկա էին քաղհասարակության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ։

Քննարկումը ծավալվեց առավել զգայուն գլուխների շուրջ, մասնավորապես՝ մտավոր սեփականություն, պետական գնումներ, մրցակցություն, թափանցիկություն, վեճերի կարգավորում, որոնցում ամրագրված դրույթների կիրարկման ուղղությամբ իրականացված քայլերը ներկայացվեցին կառավարության՝ համապատասխան ոլորտները համակարգող անդամների կողմից։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրաձայնեցին իրենց հուզող հարցադրումները։

Քաղհասարակության շրջանում հատկապես մեծ հետաքրքրություն նկատվեց մտավոր սեփականության գլխի՝ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման խթանման, դրա վերաբրենդավորման, ինչպես նաև արտահանման շուկաներում արտադրանքի մրցունակ դիրքը պահպանելուն աջակցելու նպատակով ԵՄ կողմից տրամադրվելիք տեխնիկական և ֆինանսական աջակցության ստացման, պետական գնումների և վեճերի կարգավորման գլուխների առանձին դրույթների կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ծրագրվող քայլերի շուրջ, որոնք հանգամանորեն ներկայացրին և քաղհասարակության հարցադրումներին պատասխանեցին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալները։

Նիստի ավարտին վերահաստատվեց երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: